Կարևոր իրադարձություններ

Որքան իշխանության ձախողումն ակնհայտ է դառնում, այնքան ավելի ագրեսիվ են դառնում նրա քարոզչական սատելիտները. Սուրենյանց

07 Մայիս, 2020 16:51
Հեղինակ՝ Սուրեն Սուրենյանց
Որքան իշխանության ձախողումն ակնհայտ է դառնում, այնքան ավելի ագրեսիվ են դառնում նրա քարոզչական սատելիտները. Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

««Ասֆալտին փռել» ոչ թե ընդդիմությանն է պետք, այլ՝ Ալիևին

Երբ երեկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Աբովյանը Նիկոլ Փաշինյանին հարց տվեց ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի մասին, վարչապետն ակնհայտորեն ջղաձգվեց՝ թերևս հիշելով Լավրովի սկանդալային հայտարարությունը ու գիտակցելով, որ իր ու ԱԳ նախարարի դիվանագիտական «կռուտիտներով» չեն կարողացել թեման «ջրել»։
Ի դեպ, ԼՂ խնդրով Փաշինյանի երեկվա բովանդակային պատասխաններն այդպես էլ դուրս չեկան հոգնեցնող շաբլոնի շրջանակներից, եթե չանտեսենք այն կարևոր հանգամանքը, որ նա սրտնեղած ասեց, թե «թող ոչ մեկ մեզ չասի՝ ինչ եք բանակցում, ինչ պետք է, դա էլ բանակցում ենք»։ Վարչապետը պետք է մի փոքր ուշադիր լինի սեփական խոսքին, որովհետև մինչ այս պահը հետևողականորեն պնդում էր, որ տեղի են ունենում ոչ թե բանակցություններ, այլ՝ կոնսուլտացիաներ։
Ասել կուզի, որ մեծ ցանկության դեպքում անգամ՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա պատասխանը դժվար է դիվանագիտական «գոհար» անվանելը։
Սակայն, որպես կանոն, որքան իշխանության ձախողումն ակնհայտ է դառնում, այնքան ավելի ագրեսիվ են դառնում նրա քարոզչական սատելիտները։
Օրինակ՝ անդրադառնալով Աբովյան-Փաշինյան երեկվա հարցուպատասխանին, «Ժամանակ» օրաթերթն այսօր գրել է․ «Փաշինյանը ասֆալտին փռեց Աբովյանին»։
Փաստորեն ստացվում է, որ, ըստ այս լրատվամիջոցի, Փաշինյանի թշնամին ոչ թե Ադրբեջանն է՝ իր նախագահով, այլ՝ մեր ընդդիմությունը, որին «ասֆալտին փռելը» համարվում է մեծ «հաղթանակ»։ Եթե սա Փաշինյանի դիրքորոշումն է, ապա խրամատը փաստորեն վաղուց սահմանից տեղափոխել ենք հայրենիք՝ ներսից ջլատելով երկիրը։ Եթե Աբովյանին «ասֆալտին փռված» տեսնելը այս լրատվամիջոցի ցանկությունն է, ապա, մեղմ ասած, սիրուն չէ Փաշինյանի վարչապետական աթոռի հետևում թաքնվելը։
«․․․Մյուս կողմից՝ ով-ով, բայց ԲՀԿ-ն գոնե իրավունք չպետք է ունենա խաղալ հանրության հայրենասիրական զգացմունքների վրա՝ նկատի ունենալով բյուջեից, այդ թվում՝ բանակից տարված միլիոնավոր դոլար գումարների մասին վերջին բացահայտումները»,- իր լուրը պաթոսով եզրափակում է «Ժամանակ» օրաթերթը։ Իհարկե, այդպես էլ չհասկացա, թե, օրինակ, ինչ բացահայտումների մասին է խոսում թերթը, առավել ևս՝ ինչո՞ւ է չկայացված դատական ակտերը կապում ԲՀԿ-ի հետ, բայց դե վաղուց գիտենք, որ «նոր» Հայաստանում «հայրենասիրական զգացմունքներ» կարող են ունենալ միայն դասալիքները »:

 
 
 

 

Լրահոս

Դիտել ավելին