Կարևոր իրադարձություններ

«Համայնքների միավորման գործընթացը, բնականաբար, շարունակական է լինելու». Սուրեն Պապիկյան

07 Մայիս, 2020 12:00
«Համայնքների միավորման գործընթացը, բնականաբար, շարունակական է լինելու». Սուրեն Պապիկյան

«Համայնքների միավորման գործընթացը, բնականաբար, շարունակական է լինելու, այսինքն՝ այն համայնքները, որոնք չեն արդարացրել տվյալ ֆորմատով միավորումը, բնականաբար, կարող են վերանայվել և այլ ֆորմատով վերամիավորվել, ինչն իրենից կենթադրի աշխարհագրական, տնտեսական և քաղաքացիների համար ընդունելի տարբերակ»: Այս մասին, այսօր ԱԺ-ում Կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման ընթացքը և արդյունքները ներկայացնելիս, ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը

Անդրադառնալով Լոռու մարզը զարգացնելու ծրագրերին՝ Սուրեն Պապիկյանն ասաց, որ մարզերը զարգացնելու համար գործում է Եվրամիության կողմից իրականացվող ծրագիրը, որը նախկինում նախատեսված էր միայն սահմանամերձ մարզերի համար, որն ընդգրկել է Գեղարքունի և Տավուշի մարզերը:

«Եվրամիության նոր դրամաշնորհի շրջանակներում մեր կողմից առաջարկ է արվել, որպեսզի Եվրամիության գործընկերները դիտարկեն Շիրակ-Լոռի-Տավուշ մեկ ամբողջական զբոսաշրջային գծի ձևավորման իրատեսականությունը: Մենք նույնիսկ ներկայացրել ենք, թե ինչպես կարելի է դա իրականացնել, գործընկերներն աշխատում են երեք մարզերի մարզպետների հետ: Նախորդ տարվա և ընթացիկ տարվա ընթացքում արդեն տեղի է ունեցել շուրջ երեք հանդիպում, և կարծես թե որոշակիորեն ուրվագծվում է, թե ինչպես կարելի է դա իրականացնել»,- նշեց Սուրեն Պապիկյանը:

Տարածքային կառավարման նախարարն անդրադարձավ նաև Բաղանիս-Նոյեմբերյան-Կողբ ճանապարհային հատվածին, որտեղ բազմաթիվ խնդիրներ են առաջացել անորակ վերանորոգման հետևանքով: Սակայն, մինչ այդ խնդիրներին անդրադառնալը, Սուրեն Պապիկյանն ասաց, որ այս պահին հիմնանորոգվում է դեպի Մովսես գյուղ տանող ճանապարհը, որն իրականացվում է ռուսաստանաբնակ հայերի, համայնքի և պետության համաֆինանսավորմամբ:

«Հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է Տավուշ ճանապարհաշինարարական ընկերությունը, եղանակի տաքացմանը զուգահեռ՝ կշարունակվեն ասֆալտապատման աշխատանքները: Ինչ վերաբերում է Բաղանիս-Նոյեմբերյան-Կողբ ճանապարհային հատվածին, ապա անձամբ եմ եղել այնտեղ. իհարկե, լավ չէ, որ կատարված աշխատանքն ունենում է թերություն: Մենք նախորդ տարվանից որդեգրել ենք սկզբունք, որ, եթե որևէ ճանապարհաշինարարական ընկերություն իր աշխատանքում ունենում է թերացումներ, և դա ակներև է դառնում, բնականաբար, ամբողջ ծավալով տեղի է ունենում ամբողջ ասֆալտաշերտի տեղադրում: Հիմա շուրջ 3 կմ նոր ասֆալտաշերտ կտեղադրվի այդ ճանապարհահատվածում»,- եզրափակեց նախարարը:

 

Լրահոս

Դիտել ավելին