Կարևոր իրադարձություններ

Պարենային ապրանքները, միրգ-բանջարեղենը թանկացել են․ ինչ պատկեր է շուկաներում. «Փաստ»

07 Մայիս, 2020 09:31
Պարենային ապրանքները, միրգ-բանջարեղենը թանկացել են․ ինչ պատկեր է շուկաներում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Ապրիլին մեր քաղաքացիները սննդամթերքների որոշ տեսակներ ստիպված եղան գնել ավելի բարձր գներով: Մասնագետներն առկա գնաճը պայմանավորեցին մի շարք հանգամանքներով, որոնց թվում, իհարկե, առաջին հերթին համավարակն է: 

Գնաճի վերաբերյալ կանխատեսումներն ու մինչ այս գների արձանագրված բարձրացումները իրենց արտացոլումն են գտել նաև երեկ հրապարակված վիճակագրական տվյալներում: Համաձայն այդ տվյալների, ՀՀ-ում դիտարկվող բոլոր քաղաքներում գնաճ է արձանագրվել:

2020 թ. ապրիլին նույն տարվա մարտի համեմատ սպառողական գներն աճել են 0,5-ից 1,5 տոկոսով: Ինչ վերաբերում է 12-ամսյա գնաճին, ապա 2020թ. ապրիլին 2019թ. ապրիլի համեմատ գրանցված գնաճը կազմել է 0,9 տոկոս: 

2020թ. մարտի համեմատ ապրիլին սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների շուկայում 1,8 տոկոս գնաճ է արձանագրվել: Իսկ 2020թ. ապրիլին այս ապրանքախմբում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոչ թե գնաճ, այլ 0,3 տոկոս գնանկում կա:

Պաշտոնական տվյալները վկայում են հատկապես պարենային ապրանքների համեմատաբար բարձր գնաճերի առկայության մասին: Օրինակ՝ այս տարվա ապրիլին 2020թ. մարտի համեմատ կարագի գինը բարձրացել է 2,9 տոկոսով, արևածաղկի բուսական յուղինը՝ 3,8 տոկոսով, ալյուրինը՝ 4,0 տոկոսով, բրնձի գինը՝ 4,2 տոկոսով, ոլոռինը՝ 6 տոկոսով:

Մակարոնեղենի շուկայում գրանցվել է 6,1 տոկոս աճ, ոսպը թանկացել է 27,3 տոկոսով: Նույն ժամանակահատվածում ձավարեղենի գներն աճել են 13,5 տոկոսով: Մասնավորապես՝ ձավարի գինը բարձրացել է 6,5 տոկոսով, հնդկացորենինը՝ 19,3 տոկոսով: 

Ինչպես սպասվում էր, առանձնահատուկ պատկեր է հատկապես մրգի ու բանջարեղենի շուկայում: Այս տարվա ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մրգերի շուկայում 9,2 տոկոս գնաճ է արձանագրվել, իսկ 2020թ. ապրիլին նույն թվականի մարտի համեմատ մրգի գները բարձրացել են 8,3 տոկոսով:

Օրինակ՝ 2020թ ապրիլին 2020թ. մարտի նկատմամբ խնձորի գինը բարձրացել է 9,1 տոկոսով, իսկ նախորդ տարվա ապրիլի համեմատ՝ 46,9 տոկոսով:

Այս տարվա ապրիլին նարնջի գինը նույն տարվա մարտի համեմատ թանկացել է 28,2, իսկ նախորդ տարվա ապրիլի նկատմամբ՝ 37,8 տոկոսով: Կիտրոնի գինը 2020թ. ապրիլին 2019թ. ապրիլի համեմատ աճել է 94,8 տոկոսով, իսկ 2020թ. ապրիլին մարտի համեմատ՝ 57,9 տոկոսով: 

Բանջարեղենի շուկայում էլ թանկացել է նաև գլուխ սոխը, այս տարվա ապրիլին մարտի համեմատ նաև կաղամբը: Սխտորի գինն այս տարվա ապրիլին 2019թ. ապրիլի համեմատ ավելացել է 77,6 տոկոսով, 2020թ. մարտ/ապրիլ ամիսների համեմատությամբ՝ 47,7 տոկոսով: 

Ընդհանուր գնանկում է գրանցվել կարտոֆիլի, վարունգի, ինչպես նաև կանաչեղենի ու սնկի շուկայում: Կաթնամթերքի, պանիրի և ձվի շուկայում 2020թ. ապրիլին 2019թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 3,3 տոկոս գնանկում, բայց 2020թ. մարտի համեմատ 4,2 տոկոս գնաճ կա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին