Կարևոր իրադարձություններ

Ինչու չեն վերահսկվում պաշտպանիչ դիմակների գները և որակը. Ինչով է զբաղված ՏՄՊՊՀ-ն. «Ժողովուրդ»

07 Մայիս, 2020 08:54
Ինչու չեն վերահսկվում պաշտպանիչ դիմակների գները և որակը. Ինչով է զբաղված ՏՄՊՊՀ-ն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ավելի քան երկու ամիս է, այսինքն՝ Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքից ի վեր, ինչ ՀՀ-ում բժշկական պաշտպանիչ դիմակների գները չեն կարգավորվում: Չնայած մեծածախ ցածր գնին և մինչ այդ դեղատներում այն նույնիսկ 30 դրամով վաճառելուն՝ այսօր դեղատներում դրանք վաճառվում են զգալի բարձր գնով: Ամենակարևորը՝ բժշկական պաշտպանիչ դիմակների ոչ միայն շուկան է անվերահսկելի, այլև որակը. որևէ կառույց չկա, որը պետք է ստուգի կամ վերահսկի դրանց որակը, իսկ ՏՄՊՊՀ-ն միայն զբաղվում է խոշոր ցանցերում առկա գների ուսումնասիրմամբ: Եվ, չնայած դրան, այսօր դեղատներում բժշկական մեկ դիմակը վաճառվում է 210-250 դրամով:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ բժշկական դիմակներ վաճառվում են անգամ list.am կայքէջում. ունեն տարբեր գներ՝ 70 դրամից սկսած մինչև 180 դրամ: Մի քանի հեռախոսազանգեր անելուց հետո պարզվեց, որ 70, 110 դրամանոց բժշկական դիմակը դեղատներում վաճառվում է 210-220 դրամով: list.am հայտարարություն տեղադրողները դիմակ վաճառում են մեծածախ տարբերակով:

Ի դեպ, տեղեկացնենք, որ, պարետի որոշմամբ, մայիսի 4-ից արգելվում է առևտրի օբյեկտներ հաճախորդների մուտքն առանց անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակի և ձեռնոցների: Ըստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ դիմակները պետք է փոխվեն յուրաքանչյուր 3-4 ժամը մեկ, քանի որ դրանք, կուտակելով ջրի կաթիլներն ու փոշին, վտանգավոր են դառնում՝ ստեղծելով բարենպաստ միջավայր վիրուսների և այլ միկրոօրգանիզմների համար: Հիմա հարց՝ որտեղի՞ց նվազագույն՝ 68 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացուն այդքան գումար, որպեսզի նա կարողանա օրվա ընթացքում մի քանի հատ դիմակ գնել և անվտանգ ապրել»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին