Կարևոր իրադարձություններ

Մասնագիտական տեսանկյունից պարտքս եմ համարում բացատրել վարչապետի կողմից հնչեցված 505 մլրդ դրամի «ծագումնաբանությունը»․ Դավիթ Անանյանը պարզաբանում է

06 Մայիս, 2020 20:25
Հեղինակ՝ Դավիթ Անանյան
Մասնագիտական տեսանկյունից պարտքս եմ համարում բացատրել վարչապետի կողմից հնչեցված 505 մլրդ դրամի «ծագումնաբանությունը»․ Դավիթ Անանյանը պարզաբանում է

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էրում գրել է․

«Այսօր ՀՀ Ազգային ժողովում վարչապետի կողմից կրկին հնչեցվեց այն միտքը, ըստ որի 2018 և 2019թթ ընթացքում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները 2017 թվականի համեմատ ավելացել են շուրջ 505 մլրդ. դրամով (44 տոկոսով)։

Եվ նորից սկսվեցին վարչապետի հայտարարությունը ոչ միայն կասկածի տակ դնելու մտքեր ու կարծիքներ հնչել, այլև որոշ անձինք իրենց պարտքը համարեցին "տեսակետներ" հնչեցնել և իրենց "մտորոմներով կիսվել" հանրության հետ։

Զուտ մասնագիտական տեսանկյունից պարտքս եմ համարում բացատրել վարչապետի կողմից հնչեցված 505 մլրդ դրամի "ծագումնաբանությունը"։

Նախորոք ներողություն եմ խնդրում մասնագիտական հանրությանը, որ բացատրությունս լինելու է մի փոքր "պարզունակ" (տնտեսագիտական և մասնագիտական տերմինաբանությամբ ոչ "ծանրաբեռնված"), որպեսզի հանրության հնարավորինս լայն (այդ թվում՝ ոչ մասնագիտական) շրջանակների համար լինի հնարավորինս հասանելի։

Այսպես.

2017 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտների փաստացի կատարողականը կազմել է 1,158.0 մլրդ դրամ։ 2018 թվականին փաստացի կատարողականը կազմել է 1,258.1 մլրդ դրամ, այսինքն՝ 2017 թվականի համեմատ հարկային եկամուտների աճը բացարձակ թվով կազմել է 100.1 մլրդ դրամ (1,258.1-1,158)։

2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտների փաստացի կատարողականը կազմել է 1,464.3 մլրդ դրամ, այսինքն՝ 2018 թվականի համեմատ հարկային եկամուտների աճը 2019 թվականին բացարձակ թվով կազմել է 206.2 մլրդ դրամ (1,464.3-1,258.1)։

2018-2019թթ տարեկան արդյունքներով հարկային եկամուտների աճը 2017 թվականի համեմատ բացարձակ թվով ընդամենը կազմել է 306.3 մլրդ դրամ (100.1+206.2):

2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկ վճարողների հանդեպ ունեցած պարտքը կազմել է 275.7 մլրդ դրամ (որից՝ 132.7 մլրդ դրամը նախորդ ժամանակաշրջաններում հավաքած կանխավճարների գծով գերավճար, իսկ 143 մլրդ դրամը՝ ԱԱՀ-ի գծով դեբետային գերավճարների գծով պարտք)։ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկ վճարողների հանդեպ ունեցած պարտքը կազմել է 76.6 մլրդ դրամ, այսինքն՝ 01.01.2018թ․ դրությամբ առկա պարտքը հարկ վճարողների հանդեպ նվազել է 199.1 մլրդ դրամով (275.7 - 76.6)։ Ակնհայտ է, որ հարկ վճարողների հանդեպ ունեցած պարտքի գումարը մարվել է գեներացված (ՊԵԿ ներկայացված հարկային հաշվարկներով հայտարարագրած) հարկային եկամուտների հաշվին՝ նվազեցնելով վերջինիս փաստացի կատարողականի ցուցանիշները։

Վերոհիշյալից հետևում է, որ երկու տարվա ընթացքում (2018 և 2019 թվականներին) մեզ հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտները բացարձակ թվով ավելացնել 505.4 մլրդ դրամով (306.3+199.1), որի մի մասն ուղղվել է հարկ վճարողների հանդեպ ունեցած պարտքերի մարմանը, իսկ մյուս մասն ավելացրել է պետական բյուջեի հարկային եկամուտները։

Տոկոսային արտահայտությամբ եկամուտների աճը 2017 թվականի համեմատ կազմում է 43.6 տոկոս (505.4/1,158.0)»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին