Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշված է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Նոր կորոնավիրուսի համավարակը մեծ մարտահրավեր է առաջադրել պետություններին, եւ դրա հաղթահարումը, հանրային առողջության ապահովումն ու պարզապես մարդկային կյանքեր փրկելը դարձել է ամենօրյա պայքարի դրսեւորում:
Առջեւում մայիսի 9-նն է՝ Արցախի պաշտպանության բանակի կազմավորման, Շուշիի ազատագրման եւ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի եռատոնը: Նոր կորոնավիրուսի համավարակի սպառնալիքի պայմաններում, սակայն, ստիպված ենք չեղարկել տոնական միջոցառումներն ու սահմանափակվել առավել զուսպ ու ոչ մարդաշատ արարողություններով:
Մասնավորապես, տեղի չեն ունենա ավանդական երթը դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, մարզա-մշակությաին միջոցառումներ ու այլ տոնակատարություններ:
Այս օրերին, երբ կրկին վերարժեվորում ենք մեր հաղթանակներն ու հիշում հայրենիքի նվիրյալներին, անչափ կարեւոր է ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատավություն ու հիշատակի միջոցառումներին մասնակցել փոքր խմբերով՝ պահպանելով սոցիալական հեռավորությունն ու առողջապահության նախարարության այլ ցուցումները։
Զինվենք համբերությամբ և վստահությամբ. hաղթանակներ տոնելու բազմաթիվ առիթներ ունենալու ենք:
Առողջ եղե'ք»։