Կարևոր իրադարձություններ

Ամեն ինչ քանդելու նուրբ արվեստը. Veon-Ucom բանակցությունները սառեցվեցին

06 Մայիս, 2020 13:52
Ամեն ինչ քանդելու նուրբ արվեստը. Veon-Ucom բանակցությունները սառեցվեցին

 VEON ընկերությունը, որին պատկանում է Beeline Armenia ապրանքանիշի ներքո գործող «Վեոն Արմենիան», այսօր պաշտոնապես տեղեկացրել է, որ դադարեցրել է քննարկումները Ucom-ի հետ հնարավոր գործարքի մասին:

 «Ընկերությունը հայտարարում է, որ Ucom–ի հետ հնարավոր գործարքի մասին քննարկումները դադարեցվել են»,– նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

 2019 թվականի դեկտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Ucom-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` «Վեոն Արմենիա» ընկերությունը (ապրանքանիշը` «Beeline») գնելու նպատակով: 2020թ. հունվարի 15-ին VEON-ը Ամստերդամից հաստատեց, որ քննարկումներ է վարում և դիտարկում է հնարավոր գործարքը Ucom-ի հետ։ 

 Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին տեղի ունեցան հայտնի զարգացումները Ucom ընկերության նախկին տնօրեն Հայկ Եսայանի և աշխատակիցների՝ ընկերությունից հեռանալու հայտարարությամբ։ Հայկ Եսայանը հայտարարել էր, որ պատճառը անհամաձայնությունն է ընկերության մեծամասնական բաժնետերերի հետ։ 

 Ապրիլի 28-ին, երբ թվում էր՝ ամեն ինչ կարգավորվել է, հայտարարությամբ հանդես եկավ նաև Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը, ով հայտարարեց, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով պահանջ է դրվել օտարել Ucom-ը և պահանջը չկատարելու դեպքում խոստացվել է անկառավարելի իրավիճակ ստեղծել ընկերություններում և կարճ ժամկետում իրեն քրեական հետապնդման ենթարկելու։ 

 Արդյոք Ucom-ը կազմաքանդելու և արդյունքում «լավ» պայմաններով օտարելու գործընթացն է ուժի մեջ մտնում։ Սա հարց է, որը ժամանակավարապես կդիտարկենք հռետորական հարցերի մակարդակում։ Մի բան ակնհայտ է, որ և Ucom-ը և Beeline Հայաստանը վարկերի ու պարտքերի մեծ բեռ ունեին ու միավորման գործընթացը ընկերությունները փրկելու լավագույն տարբերակն էր։

 

Լրահոս

Դիտել ավելին