Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Միջադեպ է տեղի ունեցել «Թաղման բյուրոյում». «Հրապարակ»

06 Մայիս, 2020 09:37
Միջադեպ է տեղի ունեցել «Թաղման բյուրոյում». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Բնակչության հատուկ սպասարկման ՀՈԱԿ-ի՝ «թաղման բյուրոյի» տնօրեն Արման Իսկանդարյանի եւ մի խումբ անձանց մասնակցությամբ որոշ ժամանակ առաջ տհաճ միջադեպ է տեղի ունեցել։

Մեր տեղեկություններով՝ Իսկանդարյանն աշխատանքից հեռացրել է Շենգավիթի գերեզմանատան վարիչին՝ Դավիթ Ախտոյանին, որը Թոխմախի Մհերի՝ Մհեր Սեդրակյանի սանիկն է, սակայն Սեդրակյանը, ասում են, նրա անունը լսել չի ուզում։ Ախտոյանն ինչոր մախինացիաներ է թույլ տվել, «իրեն լավ չի պահել», եւ Իսկանդարյանը որոշել է ազատվել անհաջող կադրից։ Ախտոյանի ազատումը, սակայն, ծանր են տարել Շենգավիթի թաղապետարանում։

Մասնավորապես՝ 27-ամյա թաղապետ Ռազմիկ Մկրտչյանի եղբայրը, նրա տեղակալն ու էլի մի քանի հոգի որոշել են գնալ «թաղման բյուրո» եւ Իսկանդարյանից հաշիվ պահանջել, թե ինչու է աշխատանքից ազատել իրենց մտերիմին։ Թեպետ՝ ասացին, որ անձնական խնդիր էլ է եղել Իսկանդարյանի եւ Մկրտչյանի միջեւ։ Մեզ պատմեցին, որ 5-6 հոգով մտել են Իսկանդարյանի աշխատասենյակ, որտեղ վերջինս իր տեղակալի հետ է եղել, փորձել են հաշիվ պահանջել, սակայն կարճ խոսակցությունից հետո հեռացել են։ Մենք փորձեցինք միջադեպի մասին պարզաբանում ստանալ կողմերից, երկուսն էլ, հավանաբար, «տղայական ինքնասիրությունից» ելնելով, փորձեցին հերքել։ Իսկանդարյանը հաստատեց, որ Ախտոյանին իսկապես ազատել է աշխատանքից, միջադեպի վերաբերյալ էլ ասաց, որ իրեն ոչ ոք չի կարող գալ եւ ահաբեկել։

Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ այդ «ռազբորկան» անգամ տեսագրված է։ «Չգիտեմ՝ Ձեզ նման տեղեկատվություն ով է տվել, ասեմ, որ ինձ եւ մեր հիմնարկին ոչ ոք չի կարող ահաբեկել, վախեցնել։ Ավելի ճիշտ կլինի՝ Ձեր ինֆորմատորներից ավելի ստույգ տեղեկություն ունենաք, նման բան ես չեմ հիշում, որ ինձ գան եւ փորձեն ահաբեկել։ Առհասարակ, ես երբեւէ չեմ ահաբեկվել ու չեմ ահաբեկվի»,- ասաց Արման Իսկանդարյանը։

Իսկ ինչո՞ւ է ազատել Դավիթ Ախտոյանին, ասաց․ «Էդ մարդու հաստիքն է կրճատվել որոշ ժամանակ առաջ, եւ միայն իրենը չէ, էլի մարդկանց հաստիք է կրճատվել օպտիմալացման շրջանակներում։ Մենք հիմա ավելի օպտիմալացնում ենք, շուտով կունենանք թվային համակարգ, որի արդյունքում մարդիկ կկարողանան ծրագրի միջոցով պլանշետով գերեզման ընտրել, մարդիկ գնալու են գերեզմանատուն, մենք շուտով 3-4 գերեզմանի համար մեկ վարիչ ենք նախատեսում»։ Իսկ Շենգավիթի թաղապետի կամ նրա կողմնակիցների հետ վեճ, խոսակցություն եղե՞լ է։

«Կներեք, բայց իմ գործի բնույթն այնպիսին է, որ օրվա մեջ ինձ բազմաթիվ մարդիկ կարող են տեսնել՝ լինի վրդովված, թե չվրդովված, այս կամ այն հարցով, որովհետեւ սա շատ զգացմունքային ոլորտ է։ Իսկ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի հետ լավ հարաբերություն ունեմ, նրա եղբորն էլ վաղուց եմ ճանաչում, եւ մեր միջեւ չի կարող նման բան լինել, որ նրանք վրդովված գան եւ փորձեն ինձ տեսնել այս կամ այն հարցի շուրջ։ Իսկ իմ կադրային քաղաքականության հետ կապված՝ ես եմ որոշում կայացնում, թե իմ կադրերն ովքեր պետք է լինեն։ Առավելագույնը ինձ կարող են զանգել եւ խնդրել»,- ասաց Իսկանդարյանը, սակայն, ըստ էության, չհերքելով, որ առնվազն գոնե հանդիպում-զրույց իր եւ թաղապետի կողմնակիցների միջեւ տեղի է ունեցել։

Խոսեցինք նաեւ Ռազմիկ Մկրտչյանի հետ։ Վերջինս սկսեց «չորով» հերքել։ «Նման բան չկա, ես նման տեղեկատվություն չունեմ, Ձեզ ով ասել է, իրենից հարցրեք»,- ասաց նա։ Հետո հանկարծ որոշեց ճշտել մեզնից, թե ինչպես է եղել դեպքը․ «Դուք ասացիք՝ գնացել են, ի՞նչ են արել․․․ Լավ եք նկարագրում, ես նորից եմ ասում՝ կարող եք դիմել ոստիկանություն, եթե նման բան կա։ Ես առաջին անգամ Ձեզնից եմ լսում նման բան, որ ինչ-որ մեկը մյուսի հետ հաշվեհարդար տենա։ Ես իմ տեղակալի հետ կապված՝ առաջնահերթ ասեմ, որ նման բան չէր կարա լիներ, եղբայրս չէր կարա լիներ, թե ովքեր են գնացել, Ձեր ասած՝ հաշվեհարդար տեսնելու եւ այլն եւ այլն, մեզ հետ առհասարակ կապ ունենալ չի կարող»։

Այնուհետեւ Ռազմիկ Մկրտչյանը սկսեց մեզ հետ կիսվել իր դարդերով, թե ամեն անգամ ինչ գլխացավանքի մեջ է ինքը հայտնվում, երբ մամուլն իր մասին գրում է։ «Պատասխանում ենք, էս խոսակցությունն էն ծերից մյուս ծեր ենք բերում, վերջաբանն էլ լինում ա սենսացիոն հայտարարություն, մի հատ մեծ, սիրուն նյութ են տեղադրում՝ վրեն գրած՝ սենց բան ա եղել, հետո կարդում, կարդում ենք, տակը գրած ա՝ վարչական շրջանի ղեկավարը հերքել ա, բայց չեն ասում, որ ժողովուրդը․․․ կներեք, էլի, իհարկե, մենք առավոտից իրիկուն աշխատում ենք, մեկ էլ զանգում են, բա՝ տեսե՞լ ես, սենց նյութ են գցել, ընգեր։ Կարամ, չէ՞, սենց ուղիղ ասեմ, ընգեր»,- «ընգերականի» անցավ Շենգավիթի թաղապետը, որին հորդորեցինք, որ այնքան էլ չարժե «ընգերով» դիմել լրագրողին։

«Կներեք, Ձեր անունն ինչպե՞ս էր․․․ հա, Վահե ջան, հիմա այդպիսի նյութ են գցում, պայմանականորեն ես արդեն ենթադրում եմ, էլի, վաղն ինչ նյութ ա լինելու՝ «Ռազմիկ Մկրտչյանի եղբայրը գնացել ա․․․ ո՞նց էր կոչվում էդ ՀՈԱԿ-ը, հա՝ «Բնակչության հատուկ սպասարկման» ՀՈԱԿ, գնացել ա էնտեղ՝ հաշվեհարդար տեսնելու կամ՝ պարզաբանումների ա գնացել՝ ոնց ուզում եք՝ վերնագիրը դրեք․․․ լինում ա դեպքեր, որ զանգահարում են, ասում են՝ Ձեր հորաքույրը կամ․․․ ասում եմ՝ ես, ճիշտն ասած, չունեմ տենց բարեկամ։ Բայց էս պարագայում ունեմ եղբայր, իրոք։ Ու մեկ էլ եղբայրդ զանգելու ա, թե էս ինչ ա եղել»,- իր ծանր առօրյան նկարագրեց Շենգավիթի թաղապետը։ Վերջում էլ դժգոհեց, որ ինքն առավոտից երեկո աշխատում է, իսկ մենք՝ լրագրողներս, անընդհատ փորձում ենք իրեն ինչ-որ բաների մեջ ներքաշել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին