Կարևոր իրադարձություններ

Հանրաքվեի հարցում երկմտում են. ինչ կորոշի իշխող ուժը. «Ժողովուրդ»

06 Մայիս, 2020 09:30
Հանրաքվեի հարցում երկմտում են. ինչ կորոշի իշխող ուժը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Մայիսի 14-ին կավարտվի Հայաստանում հաստատված արտակարգ դրությունը, որն ապրիլի 13-ին երկարացվել էր եւս մեկ ամսով: Ինչպես հայտնի է՝ օրենսդրության համաձայն, արտակարգ դրության պամաններում, երկրում հանրաքվե չէր կարող տեղի ունենալ, այդ պատճառով սահմանադրական փոփոխությունների ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեն հետաձգվեց:

Օրենսդրությունը նախատեսում է նաեւ, որ հետաձգված հանրաքվեն կարող է անցկացվել արտակարգ դրության ավարտից ոչ շուտ 50 և ոչ ուշ 65 օր հետո: Ու ստացվում է, որ մայիսի 14-ին ավարտված արտակարգ դրությունից 50 օր անց՝ հուլիս ամսվա ընթացքում պետք է հանրաքվեն, այնուամենայնիվ, կայանա: Այսինքն՝ պրոցեսը պետք է սկսվի այն կետից, որտեղ ավարտվել էր:

Իսկ ի՞նչ է սպասվում: Արդյոք համաճարակի այս պայմաններում հնարավոր է հանրաքվե անցկացնել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այժմ իշխող ուժի շրջանում բուռն քննարկումներ են ընթանում հանրաքվեի անցկացման հետ կապված և անգամ կարծիքներ են հնչել, թե այս պայմաններում բարոյական ու ազնիվ չէ հանրաքվեն անցկացնել:

Մասնավորապես, քննարկման ժամանակ հանրաքվե անելու փոքրաթիվ դարձած կողմնակիցները համեմատություններ են արել Արցախում տեղի ունեցած ընտրությունների հետ: ՔՊ վարչության շատ անդամներ ընդգծել են, որ Արցախը փոքր տարածք է, հնարավոր եղավ կազմակերպել ընտրությունները՝ առանց զանգվածային վարակների, սակայն Հայաստանում դժվար կլինի իրականացնել՝ հատկապես օրեցօր ավելացող կորոնավիրուսի վարակվածների ֆոնին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իշխանական ուժի ներսում բոլորը կողմ են այս մտքին և այժմ ելեքեր են մտածում, թե ինչպես հետ կանչեն Ազգային ժողովի կողմից ընդունված որոշումը:

Դրան զուգահեռ էլ նկատենք, որ դեռևս մարտի 30-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը ներկայացրել էր «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծ, որը պետք է հստակեցներ արտակարգ դրության ավարտից հետո հանրաքվեի անցկացման կարգը, սակայն այն մինչև այժմ այդպես էլ չի քննարկվել: Թե ինչ որոշում կկայացվի, դժվար է ասել, սակայն այս փուլում իշխանությունները մտածում են ձեռնպահ մնալ հանրաքվեն անցկացնելու մտքից: Քննարկվում են իրավական հիմնավորումները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին