Կարևոր իրադարձություններ

Շենգավիթում հրազենի գործադրմամբ կատարված մահափորձի գործով 35-ամյա տղամարդ է կալանավորվել (տեսանյութ)

05 Մայիս, 2020 19:52
Շենգավիթում հրազենի գործադրմամբ կատարված մահափորձի գործով 35-ամյա տղամարդ է կալանավորվել (տեսանյութ)

Փետրվարի 21-ին Երևանի Շիրակի և Աերացիայի փողոցների խաչմերուկում ինչ-որ մեկը ապօրինի հրազենով կրակոցներ էր արձակել մի տղամարդու վարած «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Նշվում է, որ դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել։

Դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել էին ատրճանակի կրակված պարկուճներ, մեքենայում՝ գնդակ։ Կատարվածից ժամեր անց Շենգավիթի քրեական հետախույզներն ու քննիչները համատեղ միջոցառումներով պարզել էին մեքենայի ուղղությամբ կրակոցներ արձակած անձի ինքնությունը։

Կասկածվողը Երևանի բնակիչ էր, 35 տարեկան։ Քրեական հետախույզները սկսել էին նրան հայտնաբերելու միջոցառումները՝ զուգահեռ իրականացնելով բացատրական աշխատանք։ Քրեական հետախույզների միջոցառումները արդյունք տվեցին օրերս։

Կասկածվողը ներկայացավ Շենգավիթի բաժին, որտեղից ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին՝ հարցաքննության։ Հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, խուզարկվել է նրա բնակարանը, որտեղ հայտնաբերվել են կանեփանման բույսեր և «LSD» թմրամիջոցի նմանվող հաբեր, որոնք առգրավվել են։

35-ամյա տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

 

Լրահոս

Դիտել ավելին