Կարևոր իրադարձություններ

Գլաձորի 31-ամյա բնակիչը կրակել է համագյուղացու գլխին. նա ներգրավվել է որպես մեղադրյալ

05 Մայիս, 2020 17:29
Գլաձորի 31-ամյա բնակիչը կրակել է համագյուղացու գլխին. նա ներգրավվել է որպես մեղադրյալ

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել քննչական և այլ դատավարական գործողություններ՝ Գլաձոր համայնքի բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2020թ. ապրիլի 5-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, լարված հարաբերությունների մեջ գտնվող համագյուղացիները Գլաձոր գյուղի գյուղամիջյան ճանապարհին վիճաբանել էին, որին մասնակցել էին նաև նրանց կողմնակիցները: Վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, որի ընթացքում Գլաձոր համայնքի 31-ամյա բնակիչը, կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, ապօրինի կերպով ձեռք բերված հրազենից դիմահար կրակոցներ էր արձակել համագյուղացի 30-ամյա տղամարդու կենսականորեն կարևոր օրգանի՝ գլխի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չէր կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ արձակված գնդակը դիպել էր տուժածի ճակատաքունքային շրջանին՝ պատճառելով  ձախից ճակատաքունքային շրջանի սալջարդ, պատռված վերքի ձևով հրազենային վնասվածք:

Բավարար ապացույցների համակցությամբ որոշում է կայացվել՝ Գլաձոր համայնքի՝ 31-ամյա բնակչին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է:

Կատարվում են քննչական և այլ դատավարական գործողություններ, օպերատիվ-որոնողական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ 31-ամյա տղամարդուն հայտնաբերելու, միջադեպի բոլոր մասնակիցների շրջանակը հստակեցնելու, նրանց գործողություններն անհատականացնելու ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին