Այսօր՝ մայիսի 4-ին, Ազգային ժողովում առողջապահության և հանրային հարցերով մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում:
Աժ պատգամավոր Կարինե Պողոսյանը հետաքրքրվեց՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նոր փուլը որքանո՞վ է արդյունավետ:
«Անորոշությունները շատ-շատ են ու մնում են այդպիսին: Նոր ռազմավարությունն այս իրավիճակում կախված է նաև զարգացումներից: Եթե հիվանդների թիվը շատանա, ապա նաև տուն ենք ուղարկելու: Կանոնները նույնն են՝ ձեռքերը հաճախ լվանալ: Ապակենտրոն նշանակում է՝ չպետք է լինի հրաման այդ կանոնները պահելու համար: Հիմա պատասխանատվության մակարդակը մի քիչ բարձր է, քանի որ պետությունը չի կարող փակ մնալ: Եթե մենք կարողանանք պահպանել կանոնները, ապա կկարողանանք գնալ առաջ: Եթե չկարողանանք պահպանել կանոնները, կունենանք պայթունավտանգ բռնկումներ, երբ օրինակ վարակված լինի 500 հազար քաղաքացի՝ հազարավոր մահերով: Այդ սցենարը անհավանական չէ: Դժվար է գնահատել՝ կլինի, թե ոչ», – ասաց նախարարը:
Արսեն Թորոսյանը ասաց նաև, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով կրկնակի վարակման 3 դեպք:
«Հիմա ակադեմիական մեծ դեբատ է գնում, թե արդյո՞ք դա կրկնակի վարակ է, թե՞ եղել է վիրուսի ապաակտիվացում, հետո՝ ակտիվացում, կամ վիրուսի ոչ ակտիվ մասնիկների առկայությունն է հյուսվածքներում, երբ վիրուսը չի բազմանում, սակայն այն առկա է բջիջներում: ՀՀ-ում եղել է նման 3 դեպք, որոնց մոտ վիրուսը հայտնաբերվել է դուրսգրումից մոտ 2 շաբաթ հետո»,-նախարարը հավելեց, որ այդ քաղաքացիները որևէ գանգատ, ախտանիշ չունեն, բայց այժմ մեկուսացված են: