Կարևոր իրադարձություններ

Համավարակի վտանգն ու սպառանլիքը լուրջ է, չափազանց լուրջ. պարտավոր ենք հարմարվել կյանքի այս նոր կանոններին. Ա. Բաբաջանյան

02 Մայիս, 2020 18:39
Հեղինակ՝ Արման Բաբաջանյան
Համավարակի վտանգն ու սպառանլիքը լուրջ է, չափազանց լուրջ. պարտավոր ենք հարմարվել կյանքի այս նոր կանոններին. Ա. Բաբաջանյան

Կորոնավիրուսի համավարակի վերջին մի քանի օրերի ցուցանիշները անհանգստացող են, չափազանց մտահոգիչ։ 134, 82, 125․․․ սրանք վերջին երեք օրերին արձանագրված վարակի ցուցանիշներն են։ Ցուցանիշներ, որոնք բազմապատիկ ավելի են, քան կարանտինային խիստ միջոցառտումների օրերին, երբ բոլորս կարծես զգում էինք համավարակի լրջությունն ու վտանգավորությունը։ Վերջին երկու-երեք շաբաթներին սակայն երկրում դադարել է պահպանվել հակահամաճարակային որևէ կանոն ու նորմ։

Փողոցները լի են մարդկանցով, որոնք զբոսնում են առանց դիմակների, առանց սոցիալական հեռավորություն պաշտպանելու և ամենակարևորը՝ առանց պետության որևէ վերահսկողության։ Տևական ժամանակ է՝ Երևանի փողոցներում հնարավոր չէ հանդիպել որևէ ոստիկանի, ով ստուգում է տեղաշարժման թերթիկների առկայությունը։ Կարելի է պատկերացնել միայն, թե ինչ իրավիճակ է տիրում մարզերում ու հեռավոր բնակավայրերում։

Այսինքն՝ մենք համավարակի տարածման սկզբից ցուցաբերեցինք բավական բարձր անհատական ու հավաքական պատասխանատվություն, պահպանեցինք հակահամաճարակային ու կարանտինային կանոնները, սակայն ինչ-որ պահից դադարեցրեցինք այդ վարքագիծը, ինչի արդյունքում այսօր ունենք այս սարսափելի, մահաբեր վիճակագրությունը։

Այս պայմաններում կառավարությունը որոշել է գնալ ըստ էության տնտեսությունը գրեթե ամբողջությամբ վերաբացելու պարտադրված որոշման, քանի որ կարանտինային պայմանների արդյունքում տնտեսությանը հասցվող վնասներն արդեն մոտենում են անդառնալիության սահմանագծին։ Երկուշաբթի օրվանից երկրում վերաբացվելու են տնտեսական գործունեության գրեթե բոլոր ոլորտները բացառությամբ հանրային տրանսպորրտի։ Դա նշանակում է, որ համավարակի տարածման հավանակությունն ու ռիկսը կարող տասնապատկվել, հարյուրապատկվել։ Այս պայմաններում, կարանտինը գործնականում դադարեցնելու իշխանության որոշման պայմաններում աղետից խուսափելու միակ միջոցը նորից ու կրկին անհատական ու հավաքական պատասխանատու վարքագիծն է, այն պարզագույն կանոնների խստագույնս պահպանումը, ինչը հնարավորություն կտա գոնե հարաբերականորեն նվազեցնել վարակի տարածման հավանականությունն ու չափը։

Հարգելի հայենակիցներ, հարգելի քաղաքացիներ,

Հասկանալի է, որ կարանտինային իրավիճակը, բնականոն կյանքի սահմանափակումը տհաճ ու անտանելի է։ Սակայն դա պարտադրված քայլ է, հանուն մեզ բոլորիս, հանուն մեր, հատկապես մեր տարեց հարազատների առողջության ու կյանքի։ Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում, եղբայրաբար խնդրում եմ՝ մի պահ կանգ առնել, ևս մեկ անգամ մտածել մեր ամենասիրելիների, մեր ծնողների, քույրերի ու եղբայրների, հարազատների ու մերձավորների մասին ու հանուն նրանց ցուցաբերել անհատական բարձր պատասխանատվություն, պահպանել սոցիալական հեռավարության ու զգուշավոր շփման, հիգիենայի տարրական կանոնները։ Դա մենք պարտավոր ենք անել հանուն մեզ, հանուն մեր ծնողների, հանուն մեր երեխաների ու հանուն մեր հավաքական առողջության։ Այլապես մենք ստիպված ենք լինելու արձանագրել, որ արտակարգ դրության ու դրանից բխող կարանտինի անցած մեկուկես ամիսները բացի տնտեսական ահռելի վնասներից ուրիշ որևէ արդյունք չեն արձանագրել և մենք կանգնել ենք վարակի սպառանալիքին ու դրանից բխող մահաբեր հետևանքներին դեմ հանդիման։

Ընդ որում, չմոռանանք նաև, որ թեև մայիսի 4-ից վերաբացվելու է քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանափակումը, սակայն առնվազն ֆորմալ առումով արտակակարգ դրությունը պահպանվում է մինչև մայիսի 14-ը։ Սա առաջին հերթին պետք է հիշեն պետական այրերն ու համապատասխան պետական կառույցները, որոնք վերջին շաբաթների իրենց ուղերձներով խթանեցին քաղաքացիների այն անպատասխանատու վարքագիծը, որը հանգեցրեց համավարակի տարածման վերջին օրերի մտահոգիչ ցուցանիշներին։

Համավարակի վտանգն ու սպառանլիքը լուրջ է, չափազանց լուրջ։ Դա տևելու է երկար, շատ երկար, ամիսներ, գուցե տարիներ։ Հետևաբար մենք բոլորս ինչպես անհատապես, այնպես էլ հավաքականորեն՝ որպես հասարակություն պարտավոր ենք հարմարվել կյանքի այս նոր կանոններին, համավարակի գոյության պայմաններում հնարավորինս անվտանգ ու առողջ ապրելու համար։ Այլապես հետևանքները կլինեն ողբերգական ու անդառնալի ու կդրսևորվեն մեր, մեր սիրելիների, հարազատների առողջության ու կյանքի կորստի տեսքով։

Առողջություն ու սոցիալական պատասխանատվություն բոլորիս։

 

Լրահոս

Դիտել ավելին