Կարևոր իրադարձություններ

Իշխանությանը հարող ԶԼՄ-ները վերջին օրերին թիրախավորում են ԲՀԿ առաջնորդին․ Սուրենյանց

01 Մայիս, 2020 18:10
Հեղինակ՝ Սուրեն Սուրենյանց
Իշխանությանը հարող ԶԼՄ-ները վերջին օրերին թիրախավորում են ԲՀԿ առաջնորդին․ Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

««Հռոմի պապից ավելի կաթոլիկները», կամ ովքեր են Նիկոլին կանգնեցնում ֆիասկոյի առաջ

Իշխանությանը հարող կամ նրան հաճոյանալ փորձող ԶԼՄ-ները վերջին օրերին թիրախավորում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Ընդ որում, ուշագրավ է, որ, օրինակ, 1in.am-ն այսօր որոշել է Ծառուկյանին ներկայացնել «արմատական ընդդիմադիր» մակդիրով՝ այն դեպքում, երբ ԲՀԿ-ն որևէ արմատական հայտարարություն չի արել։ Ընդհանրապես՝ հակագիտական է ընդդիմության «սորտավորումը», նրան «արմատական» կամ «կառուցողական» համարելը, որովհետև նման բառախաղի հետևում մշտապես եղել են արհեսատական օրակարգեր, պետության հետ չասոցացվող շահեր։

Այս դեպքում՝ խնդիրը նույնպես պարզ է․ կայքի հիմնադիր Արման Բաբաջանյանը, որն ունի իր քաղաքական օրակարգը, հնարավորինս խորացնում է «սպիտակների» ու «սևերի» հակադրության կեղծ թեզը՝ հեղափոխականների բազմաշերտ ճամբարում «արմատական» «բազեի» դերը ստանձնելու համար։

Նիկոլ Փաշինյանը, որն այս ճգնաժամային օրերին կանգնած է բարդ երկընտրանքի առաջ, պետք է, ի վերջո, որոշի՝ հեղափոխականությունից անցում է կատարում պետականավարությա՞ն, թե՞ շարունակում է քաղաքական դալտոնիզմի մարտավարությունը՝ երկրում մեծացնելով անկանխատեսելիության, քաոսի մթնոլորտը։

Այս հարցում Նիկոլին «օգնության» են հասնում մարդիկ, որոնք, ըստ օդում կախված լուրերի, ժամանակին գործել են Միքայել Մինասյանի շվաքի տակ ու հիմա «կաշվից դուրս» են գալիս՝ հեղափոխությանն իրենց «ծառայությունը» մատուցելու հարցում, բայց, ըստ էության, շարունակում են սպասարկել Մինասյանի օրակարգը, որովհետև «սևի» ու «սպիտակի» հակադրությունը «կենսական» է ինչպես վարչապետի թիմի «արմատականների», այնպես էլ՝ հների համար։ Հենց սրա մասին են «Առաջին լրատվական»-ի այսօրվա հոդվածները, որոնք կայքի հիմնադրի քաղաքական օրակարգի համատեքստում են՝ արտաքուստ հեղափոխական, իրականում կոնֆրոտացիոն, որը «կենսունակություն» է հաղորդում նաև իր «չսիրած» նախկիններին։

ԲՀԿ-ն Նիկոլ Փաշինյանի իշխանության առաջին իսկ օրերից «անվտանգության բարձիկի» դերակատարություն է կատարել իշխանության համար՝ գտնվելով այն պատասխանատու «բուֆերային գոտում», որը հեղափոխության թիմին բաժանում է հին համակարգից։ Ըստ երևույթին՝ հեղափոխական մեծամասնությանը ինտեգրված «անկախ» պատգամավորը ու էլի ոմանք երազում են, որ երկրում էսկալացիան հասնի գագաթնակետին՝ փորձելով հասնել ԲՀԿ-ի կայունացնող դերի չեզոքացմանը ու «նորերի» ու «հների» ուղղակի առճակատմանը, որն անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ երկրի համար, մանավանդ, կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի պայմաններում։
Հիմա ինքներդ փորձեք պատասխանել հարցին, թե ինչո՞ւ են ոմանք փորձում «թշնամացնել» Փաշինյանին ու Ծառուկյանին՝ հանուն Նիկոլի՞, երկրի՞, թե՞ հայտնի «երրորդ ուժի», որի շվաքի դեմ արտաքուստ օր ու գիշեր «պայքարում» են։ Իրականում այս պսևդոհեղափոխականությունը ու դրա կրողները Նիկոլին կանգնեցնելու են ֆիասկոյի առաջ։

Եվ ամենակարևորը՝ ես նորաստեղծ, սակայն ինքնաբավ կուսակցության ղեկավար եմ, որն ունի իր ինքնուրույն քաղաքական օրակարգը։ Միով բանիվ՝ Գագիկ Ծառուկյանին ու ԲՀԿ-ին բնական դաշնակից եմ համարում, որովհետև դա այն ինստիտուցիոնալ կենտրոնն է, որը թույլ կտա երկիրը դուրս բերել «սև»-ի ու «սպիտակի» հակադրության խոտոր ճանապարհից՝ ձևավորելով ապագայի օրակարգ»։

 

Լրահոս

Դիտել ավելին