Կարևոր իրադարձություններ

Հուսով ենք անաչառ նախաքննությունը կպարզի իրականությունը․ հայտարարություն

10 Ապրիլ, 2020 23:19
Հուսով ենք անաչառ նախաքննությունը կպարզի իրականությունը․ հայտարարություն

Dasaran․am կրթական ծրագիրը հայտարարություն է տարածել` ի պատասխան այսօր մամուլում տարածված նյութի․

«Այսօր ԶԼՄ-ներից անսպասելիորեն տեղեկացել ենք, որ ինչ-որ քրեական գործ է հարուցվել` կապված Dasaran-ի գործունեության հետ։

Զարմանալի է և, իհարկե, ցավալի է, որ այն ծրագիրը, որը այս օրերին ապահովում է կրթական գործընթացի շարունակականությունը Հանրապետության հազարավոր աշակերտների և ուսուցչիների համար, և հեռավար ուսուցման կազմակերպման գործում իր արագ արձագանքի և իր մշակած գործիքակազմի միջոցով ընդգրկվել է աշխարհի 100 առաջատար տեխնոլոգիական լուծումների շարքում, այժմ ստիպված է պայքարել իր բարի համբավի պահպանման համար։

Dasaran-ը սեփական գաղափարների, առաջատար տեխնոլոգիաների կիրառմամբ և սեփական ջանքերով մոբիլիզացված ռեսուրսների միջոցով առանց մեկ լումա պետական ֆինանսավորման հիմնադրված կրթական համակարգ է, որի արդյունքում ստեղծվել է հանրային բարիք։

Այն նպատակ է հետապնդում տեխնոլոգիական լուծումների միջոցով նպաստել կրթական ոլորտի բարեփոխմանը և թափանցիկության ապահովմանը, թափանցիկ գնահատման ու վերահսկման համակարգերի ներդրման միջոցով կրթության կառավարման արդյունավետության բարձրացմանը, հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ինչպես նաև ծնող-ուսուցիչ-աշակերտ կապի ամրապնդմանը:

Dasaran-ն ունի համապետական ծածկույթ և միավորում է Հայաստանի և Արցախի 1,488 պետական հանրակրթական դպրոց՝ մեկ հարթակում 1,214,409 գրանցված բաժանորդի (աշակերտ, շրջանավարտ, ծնող, ուսուցիչ և տնօրեն) հնարավորություն տալով օգտվել մշակված գործիքներից։

Իր գործունեության ընթացքում Dasaran-ը ստեղծել է դպրոցների առցանց կառավարման համակարգ, աշակերտների առաջադիմության վերահսկման արդյունավետ և թափանցիկ մեխանիզմներ, ինչպես նաև մշակել լայն հնարավորություններ ընձեռող էլեկտրոնային գործիքներ, այդ թվում՝ կրթության խաղայնացման հնարավորություններ։

Կրթական ծրագիրը բարձր գնահատանքի է արժանացել նաև միջազգային հարթակներում, ինչի մասին է փաստում այն, որ 2016 թվականին Dasaran-ը Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP) կողմից ճանաչվել է աշխարհի 5 լավագույն նորարարական կրթական ծրագրերից մեկը:

Իր գործունեության ողջ ընթացքում` ավելի քան 10 տարի շարունակ, Dasaran-ը անվճար հիմունքներով ծառայություններ է մատուցել թե' աշակերտներին, թե' ուսուցիչներին և ծնողներին և թե' Կառավարությանը: Պետական աջակցությունը, որը ստացվել է միմիայն 2 տարվա ընթացքում՝ 2017թ. և 2018թ.-ին, ամբողջապես օգտագործվել է` ի նպաստ վերոնշյալ գաղափարների շարունակական իրականացման:

Պատրաստակամ ենք լիովին համագործակցելու վարույթ իրականացնող մարմնի հետ՝ հորդորելով ահապաղ Dasaran-ի ստեղծողներին ու գործունեությունը համակարգողներին հրավիրել հարցաքննության։

Դեռևս հուսով ենք, որ այս քրեական գործը պայմանավորված չէ անձնական նկրտումներով ու շահագրգրռվածություններով, և անաչառ նախաքննությունը կպարզի իրականությունն ու Dasaran-ի բարի համբավն ու հեղինակությունը արատավորելու փորձերը, մեղմ ասած, կձախողեն:

ՀԳ Dasaran-ը նույն տեմպով շարունակում է աշխատել… Առողջ եղեք»,- ասված է հայտարարությունում։

 

Լրահոս

Դիտել ավելին