Կարևոր իրադարձություններ

«Յուքոմ»-ի փայատերերը կռվում են, իսկ որպես վահան օգտագործվում են աշխատողները

10 Ապրիլ, 2020 19:23
«Յուքոմ»-ի փայատերերը կռվում են, իսկ որպես վահան օգտագործվում են աշխատողները

Երեկ ողջ հասարակությունը իրար խառնվեց՝ լսելով կապի և հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող «Յուքոմ» ընկերության մի քանի տասնյակ աշխատողների աշխատանքից ազատման դիմումներ գրելու մասին լուրը: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները, որոնք «Յուքոմ»-ի  հիմնադիրներն են և ընկերության մոտ 6 տոկոսի բաժնետերերը, հեռացել են ընկերությունից՝ իրենց հետ տանելով ղեկավար անձնակազմի մի շարք աշխատակիցների:

Այդ ամենը փորձ արվեց ներկայացնել որպես աշխատակիցների ընդվզում, սակայն մամուլում շրջանառվող տեղեկություննեը թույլ են տալիս հասկանալ ու եզրակացություններ անել, թե ինչ է իրականում տեղի ունենում: Ըստ այդ հրապարակումների՝ «Յուքոմի» գործադիր տնօրենը Հայկ Եսայանը ցանկացել է ավելի մեծ բաժնեմաս ձեռք բերել, սակայն մերժում է ստացել: Դրանից հետո, չստանալով իր պատկերացրած ֆինանսական շահույթը, որոշել է որպես պատնեշ օգտագործել ընկերության աշխատակիցներին: Եղբայրները նաև չեն համաձայնել իրենց բաժնեմասի նվազեցմանը, ինչը տեղի կունենար միավորման համար բաժնետերերի կատարելիք ներդրումների արդյունքում։ 

Այս պատմության մեջ ամենահետաքրքիրն այն է, որ մարդը, ով լինելով գործարար, ունենալով մյուս փայատերերին հավասար կարգավիճակ, շահույթներ ու հնարավորություններ, հիմա հանդես է գալիս աշխատողների արհմիության առաջնորդի «կերպարով»: Բնականաբար, նա չի կարող որևէ դեպքում դիտարկվել որպես աշխատող և աշխատողներին հավասար խնդիրներ ունեցող մարդ, քանի որ եղել է սեփականատեր և օգտվել սեփականատիրոջ արտոնություններից: 

Հուսով ենք, որ այս սկանդալը, որը կարծում ենք առաջացել է փոքր փայատիրոջ նեղ անձնային շահերից, ի վերջո չի ազդի «Յուքոմ» ընկերության աշխատանքի վրա և երկրում հեռահաղորդակցության ոլորտի ընդհանուր ճգնաժամ չի առաջացնի, միևնույն ժամանակ բազմաթիվ հասարակ աշխատակիցներ չեն դառնա բաժնետերերի միջև խաղի մի մաս՝ վտանգելով իրենց ապրուստի միջոցը. չէ՞ որ վերջում փայատերերն իրենց մեծ փողերը կունենան, իսկ նրանք կմնան գործազուրկ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին