Կարևոր իրադարձություններ

«Նացիոնալ» հյուրանոցի տնօրինության մեկնաբանությունը՝ հյուրանոցի համարները չտրամադրելու հրապարակումների մասին

10 Ապրիլ, 2020 18:25
 «Նացիոնալ» հյուրանոցի տնօրինության մեկնաբանությունը՝ հյուրանոցի համարները չտրամադրելու հրապարակումների մասին

Այսօր՝ ապրիլի 10-ին, «Ժամանակ» օրաթերթը գրել էր, որ Հայաստանում կորոնավիրուսային վարակի տարածման այս ճգնաժամային փուլում կան հյուրանոցներ, որոնք հրաժարվել են տրամադրել իրենց հյուրանոցները հիվանդության կասկածանքով մեկուսացվող քաղաքացիներին բնակեցնելու համար: Թերթը նշել էր, որ այդ հյուրանոցներից մեկն օրինակ Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող «Նացիոնալ» հյուրանոցն է, մյուսը՝ գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող «Իբիս»-ը:

Shabat.am-ի հետ զրույցում «Նացիոնալ» հյուրանոցի փոխտնօրեն Արթուր Պետրոսյանն ասաց, որ  ոչ թե մերժել են, այլ որոշակի հանգամանքներից ելնելով այժմ չեն կարող համարներ տրամադրել. «Նացիոնալ» հյուրանոցը ներկա պահին ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը , և հյուրանոցում իրկանացվում են շինարարական աշխատանքներ:

Հաշվի առնելով ներկայիս տեխնիկական խնդիրները, այս պահի դրությամբ հնարավոր չէ տրամադրել հյուրանոցը, սակայն շինարարական աշխատանքների ավարատից հետո, պատրաստ ենք տրամադրել 40 Դելյուքս կարգի սենյակ, որպես կացարան, կորոնավիրոսային վարակակիրների հետ շփման անձանց շրջանակի մեկուսացման համար, որոշակի ծախսերի մինիմալ վճարումների դիմաց, կամ  անվճար հիմունքներով»:

Ի դեպ, Արթուր Պետրոսյանը փոխանցեց, որ սույն գրությամբ պատասխանել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեին:

Գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող «Իբիս» հյուրանոցի հետ կապ հաստատել չհաջողվեց, հյուրանոցի  հեռախոսահամարին ոչ ոք չպատասխանեց:

Հեղինակ՝ Մարիամ Մելքումյան

 

 

Լրահոս

Դիտել ավելին