Կարևոր իրադարձություններ

ԱՄՀ-ն Հայաստանին ուղղվող ֆինանսական օժանդակությունը կավելացնի շուրջ 175․2 մլն դոլարով

10 Ապրիլ, 2020 13:27
ԱՄՀ-ն Հայաստանին ուղղվող ֆինանսական օժանդակությունը կավելացնի շուրջ 175․2 մլն դոլարով

Արժույթի միջազգային հիմնադրամը նախատեսում է Հայաստանին ուղղվող ֆինանսական օժանդակությունն ավելացնել 128.8 միլիոն ՀՓԻ-ով կամ շուրջ 175․2 միլիոն ԱՄՆ դոլարով։ ԱՄՀ Խորհրդի նիստի հաստատումից հետո Հայաստանի համար ֆինանսական օժանդակության չափը կհասնի 206 միլիոն ՀՓԻ-ի կամ շուրջ 280 միլիոն ԱՄՆ դոլարի:

Այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի աշխատակազմը ապրիլի 9-ին տարածած հաղորդագրությունում։

ԱՄՀ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության՝ մինչև 280 միլիոն դոլար ավելացումը հիմնավորված է  կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման հետևանքով վճարային հաշվեկշռի ֆինանսավորման հրատապ կարիքների համատեքստում։  Ֆինանսավորումը կհատկացվի բյուջեին՝ վարակի բռնկման գագաթնակետին հրատապ բժշկական և սոցիալ-տնտեսական կարիքները հոգալուն ուղղված իշխանությունների ջանքերին օգնելու համար՝ այդպիսով պահպանելով Հայաստանի՝ տնտեսական ներուժի և ներառականության վերջին տարիների ձեռքբերումները:

Աշխատակազմը ողջունել է կորոնավիրուսային համավարակի համատեքստում տնտեսական քաղաքականության միջոցով հայաստանյան իշխանությունների արձագանքը և ընդգծել, որ իշխանությունները պատշաճ կերպով ուշադրությունը կենտրոնացրել են կորոնավիրուսային վարակի տարածումը զսպելու միջոցառումների և բնակչության կարիքների բավարարմանը Հայաստանի առողջապահական համակարգի պատրաստվածությունն ապահովելու վրա: Աշխատակազմը ողջունել է նաև կարճաժամկետ հատվածից հետո շարունակական տնտեսական բարեփոխումներ իրականացնելու իշխանությունների մտադրությունը։

Ըստ կառույցի` 2020 թվականին սպասվում է, որ բյուջեի պակասուրդը կավելանա մինչեւ ՀՆԱ-ի մոտավորապես 5 տոկոսը՝ եկամուտների նվազման եւ առողջապահության եւ տնտեսության աջակցության ուղղությամբ ծախսերի մեծացման հետեւանքով: Առաջացող ֆինանսական ճեղքը կփակվի ԱՄՀ-ից եւ այլ գործընկերներից ֆինանսական միջոցներ ներգրավելով՝ կապիտալի ներքին շուկայի հասանելի միջոցները լրացնելու համար: Թեեւ ակնկալվում է, որ 2020 թվականին կառավարության պարտքը կգերազանցի ՀՆԱ-ի 60 տոկոսը, ճգնաժամի մեղմմանը զուգընթաց՝ իշխանությունները հավատարիմ են պարտքի կայունության միջնաժամկետ հարկաբյուջետային նպատակներին։

Այլ օժանդակություններ․

Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ 92 մլն եվրո՝ անհետաձգելի և կարճաժամկետ կարիքների աջակցության նպատակով, իսկ Համաշխարհային բանկը 3 միլիոն դոլար է տրամադրել Հայաստանին՝ անհրաժեշտ սարքավորումների ու պարագաների ձեռքբերման հրատապ կարիքները բավարարելու համար։ ՀՀ-ին ԱՄՆ-ի ֆինանսական աջակցությունը կազմել է 1․1 միլիոն դոլար:

 

Լրահոս

Դիտել ավելին