Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանը ապրիլի 16-ին կմասնակցի Ապրիլյանի նիստին. նրա պայմանը բավարարվել է

09 Ապրիլ, 2020 14:30
Սերժ Սարգսյանը ապրիլի 16-ին կմասնակցի Ապրիլյանի նիստին. նրա պայմանը բավարարվել է

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն այսօր պատասխանել է Սերժ Սարգսյանի երեկվա գրությանը, որով նա խնդրել էր հստակեցնել՝ հանձնաժողովի նիստին մասնակցելու պարագայում արդյոք իրեն տրամադրվելո՞ւ է նիստի ձայնագրության մեկ օրինակ: 

Սերժ Սարգսյանի գրասենյակը քիչ առաջ հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ստացել է հանձնաժողովի պատասխանը:

«Հանձնաժողովի այսօրվա գրության մեջ հստակ նշված է, որ ՀՀ երրորդ նախագահին առանց որևէ նախապայմանի կտրամադրվի նրա մասնակցությամբ հատվածի տեսաձայնագրությունը:

Նկատի առնելով, որ հանձնաժողովը բավարարել է ՀՀ երրորդ նախագահի կողմից առաջադրված միակ պայմանը` նախագահ Սարգսյանը վերահաստատում է ս.թ. ապրիլի 7-ին հանձնաժողովին ուղղված` գրասենյակի պատասխանում ներկայացված իր որոշումը»,- ասվում է տարածված հայտարարությունում:

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ի գրությունում Սերժ Սարգսյանն ասել էր, որ իր պայմանի ապահովման պարագայում արտակարգ դրության ավարտից հետո՝ ապրիլի 16-ին, պատրաստ է մասնակցել Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստին: 

Ավելի վաղ Սարգսյանին ուղարկած գրությամբ հանձնաժողովը հայտնել էր, որ «տեսաձայնագրության տրամադրումը կարող է բավարարվել միայն պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենքի պահանջներին համապատասխան և սահմանված ընթացակարգերի պահպանման արդյունքում»: Սարգսյանի գրասենյակն էլ հայտարարել էր, որ այս ձեւակերպումներից չի հասկացվում՝ ձայնագրությունն ի վերջո տրամադրվելո՞ւ է, թե ոչ:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մեզ հետ զրույցում պարզաբանել էր, որ չի հասկանում, թե ինչը ընկալելի չէ Սարգսյանի համար, բայց եթե անհրաժեշտ է՝ այսօր առավոտյան նա կուղարկի այդ հարցի պատասխանը:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին