Կարևոր իրադարձություններ

Էրիկ Գրիգորյանի նախագիծը՝ հարված թիկունքից և ԶԼՄ-ների աշխատանքը խոչընդոտելու հերթական փորձ. «Ժողովուրդ»

07 Ապրիլ, 2020 09:58
Էրիկ Գրիգորյանի նախագիծը՝ հարված թիկունքից և ԶԼՄ-ների աշխատանքը խոչընդոտելու հերթական փորձ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Մեր տեղեկություններով՝ մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ պատրաստվում են դիմում ներկայացնել Ազգային ժողով` դժգոհելով ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի գործողություններից: Բանն այն է, որ Էրիկ Գրիգորյանը արտակարգ իրավիճակի այս օրերին գաղտնագողի նախագծեր է հաստատել տալիս կառավարության նիստում` սահմանափակելով տեղեկություն ստանալու ՀՀ քաղաքացու, ՀԿ սեկտորի և լրագրողների իրավունքները:

Խոսքը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին է վերաբերում, համաձայն որի՝ «Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկության տրամադրումը կարող է մերժվել, եթե այն կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի, այդ թվում՝ հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի վրա»։ Ստացվում է, որ, օրինակ, լրագրողները կամ նույն ՀԿ-ները շրջակա միջավայրին առնչվող ցանկացած տեղեկություն ստանալու հարցում, որն այս գերատեսչությունը կհամարի բացասական ազդեցություն ունեցող, կարող է մերժվել։ Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախագիծը մշակվել է առանց ոլորտում գործող քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ քննարկումների։

Ըստ էության, սա հարված է թիկունքից և լրատվամիջոցների աշխատանքը խոչընդոտելու հերթական փորձն է։ Այսպիսի նախագիծ նույնիսկ ՀՀ ամենաքննադատված, այսօր հետախուզման մեջ գտնվող նախկին նախարարը` Արամ Հարությունյանը չէր հանդգնի կյանքի կոչել, բայց Էրիկ Գրիգորյանը դա անում է: Հուսանք` Աժ-ն, «Իմ քայլը» խմբակցությունը կմերժեն նախարարի քմահաճույքները բավարարող այս նախագիծը, որը բնորոշ է հետամնաց երկրներին»:

 

Լրահոս

Դիտել ավելին