Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարներն ու Կենտրոնական բանկի մասնագետները: Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմը։
Վարչապետը նշել է, որ խորհրդակցության նպատակն է փորձել գնահատել կորոնավիրուսի ազդեցությունը տնտեսության վրա և ի հայտ բերել այն հնարավորությունները, որոնցից մեր երկիրը և տնտեսական հատվածը կարող է օգտվել: Վարչապետի խոսքով՝ նման քննարկումների արդյունքում պետք է գնահատել այն, թե ինչպես պետք է կառավարությունն արձագանքի հնարավորություններին կարճաժամկետ և երկարաժամկետ հատվածներում՝ հաշվի առնելով նոր պայմաններում տնտեսության կառուցվածքի փոփոխությունները:
Այս համատեքստում ծավալված քննարկումների շրջանակում ներկայացվել են մի շարք գաղափարներ, առաջարկություններ և դիտարկումներ: Կենտրոնական բանկի մասնագետները ներկայացրել են իրենց վերլուծությունները համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող զարգացումների և հնարավոր միտումների շուրջ: Այդ համատեքստում, կարևորվել է մարդկային կապիտալի, տեխնոլոգիաների և գիտելիքի վրա հիմնված տնտեսության ճյուղերի կառուցումն ու ներդրումների խթանումը: