Կարևոր իրադարձություններ

Սոթքում 12-ամյա երեխան ինքնասպանություն է գործել

03 Ապրիլ, 2020 13:25
Սոթքում 12-ամյա երեխան ինքնասպանություն է գործել

Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում երեկ դժբախ դեպք է տեղի ունեցել. իրենց գոմում կախված են հայտնաբերել 12-ամյա տղայի: Սոթքի գյուղապետ Հակոբ Ավետյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ կատարվածը կարող է պատահականության արդյունք լինել, որովհետեւ երեխան ոչ մի դրդապատճառ չի ունեցել:

Դեպքը տեղի է ունեցել երեկ կեսօրին: Մահացած 12-ամյա Ա.-ն տան մեծն էր, իրենից փոքր երկու եղբայր ունի: Ըստ գյուղապետի՝ նա դպրոցում լավ սովորող, օրինակելի եւ շատ խելացի երեխա է եղել:  12-ամյա երեխայի ծնողները դեպքի ժամանակ տանը չեն եղել: Գյուղապետը հայտնեց, որ տղայի հայրը պայմանագրային զինծառայող է, իսկ մայրն աշխատում է Գեղարքունիքի զորամասի ճաշարանում:

«Ընտանիքում էլ որեւէ խնդիր չի եղել, շատ օրինակելի, նորմալ ընտանիք է: Իրենից փոքր եղբայրներին ինքն է նայել, խնամել: Մտածում ենք, որ խաղացել է եղբայրների հետ, հետո թելով ինչ-որ բան է ուզել այդտեղ սարքել, բարձր տեղ է կանգնել, ոտքի տակ բան դրել ու պատահական սայթաքել, որովհետեւ թելն էլ հատուկ նման բան անելու ձեւով չի եղել»,- նկատեց Ավետյանը:

Տղան մի քանի ժամ կորած է եղել, եղբայրները գնացել, հարեւանի տանն են հարցրել, հարեւանի կինը նրանց հետ միասին սկսել է փնտրել եւ կախված վիճակում հայտնաբերել գոմ տանող նախամուտքում:

Գյուղապետը նկատեց, որ կատարվածը շոկի է ենթարկել բոլորին. «Չենք կարողանում հասկանալ՝ պատահականություն է, թե այդ կոմպյուտերային խաղերից ազդված է եղել, որովհետեւ շատ է նման խաղեր խաղացել: Նույնիսկ ծնողները ջղայնացել են, ասել՝ ավտովթարներ ու բաներ չնայի, որ չազդվի»,- եզրափակեց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին