Կարևոր իրադարձություններ

Երեք տեղամասի շրջակայքում նկատվել է ընտրողների կազմակերպված տեղափոխում. Դանիել Իոաննիսյանն ամփոփեց Արցախում տեղի ունեցած ընտրությունների դիտարկման արդյունքները

01 Ապրիլ, 2020 18:40
Երեք տեղամասի շրջակայքում նկատվել է ընտրողների կազմակերպված տեղափոխում. Դանիել Իոաննիսյանն ամփոփեց Արցախում տեղի ունեցած ընտրությունների դիտարկման արդյունքները

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփեց երեկ Արցախում տեղի ունեցած ընտրությունների դիտարկման արդյունքները։

«Երեկ Արցախում տեղի ունեցած ընտրություններում գրանցվել է քվեախցիկից դուրս քվեարկելու շուրջ 700 դեպք՝ 40 տեղամասում: Դրանք հիմնականում եղել են տարեցների կողմից»,- ասաց Իոաննիսյանը:

«Տեղամասերից 3-ի տարածքը բավարար չէր քվեարկության բնականոն ընթացքի իրականացման համար: 16 ընտրատարածքում եղել են դրա իրավունքը չունեցող անձինք։ 13 տեղամասում եղել են դեպքեր, որ այլ անձ գտնվի քվեարկության խցիկում։ Ընդ որում, այլ անձի տակ մենք որեւէ կերպ չենք հասկանում օրենքով սահմանված կարգով օգնողին կամ երեխաներին։ Ընդ որում, որոշ տեղամասերում այդ այլ անձի կողմից գտնվելը դիտորդի կողմից հստակ գնահատվել է՝ որպես վերահսկողական բնույթ կրող: 15 տեղամասում եղել են վստահված անձինք եւ հանձնաժողովի անդամներ, որոնք չեն կրել համապատասխան վկայական։ 12 տեղամասում խախտումները չեն գրանցվել գրանցամատյանում։ 9 տեղամասում գրանցվել են ընտրության մասին բարձրաձայնելու դեպքեր»։

«Սեփական քվեաթերթիկը լուսանկարելու դեպքեր արձանագրվել են դիտարկված 9 տեղամասում։ Նման դեպքերի մասին բազմաթիվ ահազանգեր են գրանցվել նաեւ այլ դերակատարների կողմից, բազմաթիվ տեսանյութեր երեւի հանդիպել եք արդեն համացանցում։ Այս դեպքերից եւ ոչ մեկով ընտրական հանձնաժողովների նախագահները չեն դիմել տեղամասում ծառայություն իրականացնող ոստիկաններին։ Իսկ հանձնաժողովի նախագահներից մի քանիսը նաեւ մեզ հետ զրույցներում, մեկն անձամբ ինձ հետ զրույցում պատճառաբանել է դա համապատասխան հրահանգավորմամբ»,- ընդգծեց Իոաննիսյանը։

«Դիտարկված տեղամասերից 7-ում վստահված անձը փորձել է այլ անձանց հրահանգներ եւ կարգադրություններ տալ, մեկ դեպքում նման լիազորություն իրեն վերապահել է ԶԼՄ ներկայացուցիչը։ Դա հիմնականում արդյունք է եղել նրա, որ որոշ տեղամասերում հանձնաժողովի նախագահը կամ անդամները չէին տիրապետում իրենց գործառույթներին։ Վիճաբանություն գրանցվել է 10 տեղամասում եւ հիմնականում վստահված անձանց եւ հանձնաժողովների անդամների մասնակցությամբ՝ առնչվել են հանձնաժողովի կողմից խախտումների չվերացմանը»,- հավելեց Իոաննիսյանը:

«Երեք տեղամասի շրջակայքում նկատվել է ընտրողների կազմակերպված տեղափոխում, երկու դեպքում այն չի կրել համակարգային բնույթ։ Բայց, օրինակ, Քարվաճառում, տեղափոխումը անընդհատ էր եւ կազմակերպված էր Արայիկ Հարությունյանի աջակիցների կողմից»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին