Կարևոր իրադարձություններ

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Կոնտակտավորներին գտնելու համար հեռախոսազանգերը ֆիքսելու նախագիծը

31 Մարտ, 2020 18:28
 ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Կոնտակտավորներին գտնելու համար հեռախոսազանգերը ֆիքսելու նախագիծը

Քիչ առաջ ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

Կողմ քվեարկեց 69 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 1։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ օրակարգը սպառվեց։ Սակայն, 3 խմբակցությունների ներկայացուցիչներին տեղեկացրեց, որ այսօր ժամը 21։30-ին կրկին լինեն ԱԺ-ում, որովհետև գումարվելու է արտահերթ նիստ, որտեղ երկրորդ ընթերցմամբ քննարկվելու է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

Հիշեցնենք, որ փաթեթը որևէ կերպ չի ենթադրում հեռախոսային խոսակցության բովանդակության բացահայտում, ֆիքսվելու է միայն զանգի կատարման և տեղակայման փաստը: Առաջարկվող սահմանափակումները վերաբերում են բացառապես համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրությանը։ Որևէ նոր տվյալ քաղաքացիների մասին չի հավաքվելու և չի մշակվելու, օպերատորների մոտ արդեն առկա տվյալները համատեղվելու են մեկ միասնական բազայում համաճարակի դեմ պայքարելու համար, այսինքն` նոր տվյալների հավաքագրման մասին խոսք չի գնում: Բոլոր մեկտեղված տվյալները ենթակա են լինելու ոչնչացման արտակարգ դրության ավարտից հետո՝ ոչ միայն անձնավորված, այլ նաև ապանձնավորված տվյալները: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին