Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    484,5

  • EUR

    535,5
    549,5

  • RUB

    6,77
    7,12

Կարևոր իրադարձություններ

Քաղաքացիները կծանոթանան պետական տվյալների շտեմարաններում պահվող իրենց անձնական տվյալներին. «Փաստ»

31 Մարտ, 2020 07:58
Քաղաքացիները կծանոթանան պետական տվյալների շտեմարաններում պահվող իրենց անձնական տվյալներին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է լրացումներ կատարել կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1385-Ն որոշման մեջ: Իրավական այս ակտի ընդունումը նպատակ ունի նախատեսել համապատասխան կարգավորում՝ e-citizen պորտալի միջոցով պետական տվյալների շտեմարաններում պահվող անձնական տվյալներին ծանոթանալու և պետական տեղեկատվական համակարգի միջոցով դրանց օգտագործման մասին տեղեկություն ստանալու՝ անձանց հնարավորությունն ապահովելու համար:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված մարմիններն են արդարադատության նախարարությունը, արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ն:

Ինչի՞ մասին է խոսքը: «Աջակցություն Հայաստանում հանրային կառավարման բարեփոխումներին. ծառայությունների մատուցման բարելավում`ավելի արդյունավետ և պատասխանատու հանրային կառավարման միջոցով» ԵՄ բյուջետային աջակցության համաձայնագրի 13-րդ ցուցանիշի գործողություններով նախատեսված է ապահովել, որ e-citizen պորտալի միջոցով քաղաքացիների համար հասանելի լինեն ՀՀ կառավարության փոխգործակցության հարթակի հետ կապված էլեկտրոնային կառավարման տվյալների բազաներում պահվող բոլոր թվայնացված տվյալները՝ ներառյալ էլեկտրոնային առողջապահության համակարգի տվյալները: 

 

Ըստ այդմ, նախատեսված է նաև մշակել այնպիսի կարգավորում և ՏՏ լուծումներ, որոնք անձանց հնարավորություն կտան e-citizen պորտալի միջոցով վերահսկելու պետական կառավարման մարմնի կողմից իրենց թվայնացված անձնական տվյալների օգտագործումը: Ցուցանիշն ընդհանուր առմամբ ուղղված է անձի՝ իր անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություն ստանալու իրավունքի ապահովմանը:

Նախագծի հիմնավորման մեջ հիշեցնում են, որ Սահմանադրության 34-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծանոթանալու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իր մասին հավաքված տվյալներին»: 

Ֆիզիկական անձանց կողմից իրենց անձնական տվյալների մշակման (իրենց անձնական տվյալների օգտագործման) վերաբերյալ տեղեկություն ստանալու վերոնշյալ սահմանադրական իրավունքն առարկայացել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում, որի 15-րդ հոդվածը սահմանում է տվյալների սուբյեկտի՝ իր անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություններ ստանալու իրավունքը, իսկ նույն օրենքի 20-րդ հոդվածը նախատեսում է այդ իրավունքի իրացման ձևը՝ նշելով, որ տվյալներ մշակողը պարտավոր է օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով տվյալների սուբյեկտին տեղեկատվություն տրամադրել համապատասխան գրավոր հարցումը ստանալուց հետո՝ հինգ օրվա ընթացքում: 

Միևնույն ժամանակ նախագծի ընդունման հիմնավորման մեջ նշվում է, որ թեև անձնական տվյալներին ծանոթանալու և անձնական տվյալների մշակման մասին իրազեկվելու իրավունքն արդեն ամրագրված է, սակայն բացակայում են էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով փոխանցվող անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություն ստանալու կարգավորումները: 

Այլ կերպ ասած՝ թեև անձնական տվյալների և անձնական տվյալների մշակման վերաբերյալ տեղեկություն ստանալու իրավունքն ամրագրված է, սակայն նախատեսված չէ e-citizen պորտալի միջոցով պետական տվյալների շտեմարաններում (միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգում) պահվող և դրա միջոցով մշակվող տվյալներին և տվյալների մշակմանը ծանոթանալու ընթացակարգը:

Այս նախագծի նպատակն է իրավական հիմք ստեղծել համապատասխան ՏՏ լուծումների արդյունքում e-citizen պորտալի միջոցով պետական տվյալների շտեմարաններում պահվող անձնական տվյալներին ծանոթանալու և պետական տեղեկատվական համակարգի միջոցով դրանց օգտագործման մասին տեղեկություն ստանալու՝ անձանց հնարավորությունն ապահովելու համար:

 Ըստ այդմ, նախագծի նպատակն է նաև «Աջակցություն Հայաստանում հանրային կառավարման բարեփոխումներին. ծառայությունների մատուցման բարելավում` ավելի արդյունավետ և պատասխանատու հանրային կառավարման միջոցով» ԵՄ բյուջետային աջակցության համաձայնագրի 13-րդ ցուցանիշով ստանձնած հանձնառության կատարումը: 

Նշվում է, որ նախագծով սահմանվում է e-citizen պորտալի միջոցով պետական տվյալների շտեմարաններում պահվող անձնական տվյալներին ծանոթանալու և պետական տեղեկատվական համակարգի միջոցով դրանց օգտագործման մասին տեղեկություն ստանալու հնարավորություն տվող բաժնի նկարագրությունը և տեղեկություն ստանալու ձևերը:

Ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում e-citizen պորտալի միջոցով քաղաքացիները պետական տվյալների շտեմարաններում պահվող անձնական տվյալներին ծանոթանալու և պետական տեղեկատվական համակարգի միջոցով դրանց օգտագործման մասին տեղեկություն ստանալու հնարավորություն կունենան»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին