Կարևոր իրադարձություններ

Չափազանց կարևոր քայլ է կատարվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում. Արման Բաբաջանյան

28 Մարտ, 2020 22:04
Հեղինակ՝ Արման Բաբաջանյան
Չափազանց կարևոր քայլ է կատարվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում. Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

Նոր կորոնավիրուսի համավարակի պայմաններում չափազանց կարևոր է հատկապես փակ հաստատություններում հակահամաճարակային կանոնների պահպանումն ու արտաքին աշխարհի հետ այդ հաստատություններում բնակվողների շփումների հնարավորինս նվազեցումը:

Դա վերաբերում է նաև քրեակատարողական հիմնարկներին: Այդ առումով չափազանց կարևոր քայլ է կատարվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Շուրջ երկու շաբաթ է՝ ինչ քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավորների սնունդն ամբողջությամբ ապահովում է «Արտ լանչ» ընկերությունը: Դրա շնորհիվ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորները առնվազն սնունդի առումով արդեն իրենց հարազատների կողմից տրվող հանձնունքների կարիքը չունեն:

 

Այսինքն՝ «Արտ լանչի» շնորհիվ մի կողմից քրեակատարողական հիմնարկում արդեն ապահովվում է որակյալ սնունդ, մյուս կողմից՝ որպես դրա հետևանք գրեթե զրոյականի է հասցվել հանձնունքների ստացումը, ուստի նաև շփումը արտաքին աշխարհի հետ:

Կալանավորներին սնունդով ապահովելու այս մոդելը «Արտ լանչը» առաջիկայում ներդնելու է նաև «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, որտեղ հակահամաճարակային կանոնների պահպանումն ու արտաքին աշխարհի հետ շփումների նվազեցումն ունի կրկնակի կարևորություն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ հաստատությունում գտնվում են տարբեր հիվանդություններ ունեցող կալանավորներ, որոնց մի մասը կարող է լինել կորոնավիրուսի վարակման տեսանկյունից խոցելի խմբում:

Այս նախաձեռնությունների համար պետք է արժանին մատուցել Արդարադատության նախարարությանը, քրեակատարողական հիմնարկների ղեկավարությանը և, բնականաբար, «Արտ լանչ» ընկերությանը, որը այս ճգնաժամային պայմաններում ցուցաբերում է չափազանց բարձր սոցիալական պատասխանատվություն:

 

Առողջություն բոլորիս

 

Լրահոս

Դիտել ավելին