Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    484,5

  • EUR

    535,5
    549,5

  • RUB

    6,77
    7,12

Կարևոր իրադարձություններ

Մասիս Մայիլյանը չկատարեց իր առաջին խոստումը. «Ժողովուրդ»

28 Մարտ, 2020 09:35
Մասիս Մայիլյանը չկատարեց իր առաջին խոստումը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը կրկին փորձում է հերքել անհերքելին: Բանն այն է, որ երեկ «Армяанская телебашня» ալիքը հրապարակել է մի փաստաթուղթ, որը վկայում է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի՝ Ռուսաստանի Դաշնություն մուտքի արգելքի մասին: Ընդ որում, փաստաթղթում ամրագրված է, որ Մասիս Մայիլյանի մուտքը ՌԴ արգելված է 2020 թվականի մարտի 11-ից, և արգելափակված է մնալու 5 տարի ժամկետով՝ մինչև 2025 թվականի մարտի 11-ը։ 

Արգելանքի որոշումը կայացվել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) կողմից, իսկ պատճառը նշվել է որ Մասիս Մայիլյանը ներկայացնում է սպառնալիք Ռուսաստանի ազգային անվտանգությանը։ Ընդ որում, որոշման մեջ նշված անձնագրի սերիան դիվանագիտական է, այսինքն՝ արգելված է Մայիլյան պաշտոնյայի մուտքը։ Այստեղ նկատենք, որ այս նույն պատճառաբանությամբ և նույն ժամկետով արգելք է սահմանված նաև Արցախի հերոս Սամվել Բաբայանի նկատմամբ, ով Արցախի նախագահի ընտություններում սատարում է հենց Մասիս Մայիլյանին:

Բայց այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ Մասիս Մայիլյանը, լուրը փաստացի հերքելու կամ հակառակ ապացույցներ ներկայացնելու փոխարեն, հայտարարություն տարածեց՝ վկայակոչելով, թե իր արգելքի մասին առաջին տեղեկությունը հրապարակվել է մարտի 3-ին, իսկ փաստաթղթի մեջ ժամկետ է ամրագրված մարտի 11-ը: Բայց այս թվային խաղերը ամենևին Մայիլյանի օգտին չեն, քանզի հենց մարտի 3-ի հրապարակումների մեջ անգամ, որպես որոշման ուժի մեջ մտնելու օր, նշված է մարտի 11-ը, ինչպես և հրապարակված փաստաթղթում է:

Ավելին՝ դեռ մարտի 3-ի հրապարակումից հետո, երբ կրկին փորձ էր արվում հերքել անհերքելին, Մասիս Մայիլյանն իր թիմակիցներին ասել էր, թե պատրաստվում է մարտի 12-ին մեկնել Մոսկվա, որպեսզի մեկընդմիշտ փակվի այս խոսակցությունը: Այցը, սակայն, այդպես էլ չեղավ, իսկ դրա փոխարեն արդեն հրապարակվեց պաշտոնական փաստաթուղթը, որն ապացուցում է, որ արգելք իսկապես կա:

Այս իրավիճակը բավականին անհանգստացնող է, քանի որ Մասիս Մայիլյանը, որ այսօր ներկայացնում է Արցախը` արտաքին գործերի նախարարի կարգավիճակով, եթե ընտրվի նախագահ, ՌԴ-ի նման ռազմավարական գործընկեր երկրի կողմից մերժված լինելը լուրջ խոչընդոտ է լինելու նրա պաշտոնավարման ողջ ընթացքում: 

Ի վերջո, ՌԴ-ն Մինսկի խմբի անդամ երկիր է, կարևոր դերակատարում ունի արցախյան հարցի բանակցություններում: Այդ երկրի կողմից սպառնալիք որակված մարդը պարզապես չի կարող ղեկավարել հայկական երկու պետություններից մեկը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին