ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և անզիջում պայքար մղելով կոռուպցիոն տարաբնույթ դրսևորումների դեմ և հավատարիմ լինելով դրանք արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը, կոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պաշտոնյայի կողմից առերևույթ կաշառք ստանալու հերթական դեպքը։
Ստացված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության հանձնաժողովներից մեկի նախագահը, փորձաքննություններ կատարելիս օժտված լինելով կազմակերպա-տնօրինչական լիազորություններով և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի ուժով հանդիսանալով պաշտոնատար անձ, նույն օրենքի սահմանված արգելքների խախտմամբ, հանձնաժողովի մյուս 2 անդամների հետ նախնական համաձայնությամբ, փորձաքննության դիմած քաղաքացիների օգտին նախընտրելի որոշում կայացնելու, այն է՝ հաշմանդամ ճանաչելու, տևողության ժամկետը սահմանելու, հաշմանդամության խումբը փոխելու համար, տևական ժամանակ մեկ միասնական դիտավորությամբ որպես կաշառք ստացել է 20.000-ից մինչև 100.000 ՀՀ դրամ, որից հանձնաժողովի անդամներին հատկացրել է մասնաբաժին։ Մասնավորապես, միայն 2020 թ. մարտ ամսվա ընթացքում իր աշխատասենյակում փորձաքննության դիմած 6 անձանցից որպես կաշառք մաս-մաս ստացել է խոշոր չափերով՝ ընդհանուր առմամբ 300.000 ՀՀ դրամ գումար։
Անհերքելի ապացույցների առկայության պարագայում հիշյալ հանձնաժողովի նախագահը 2020 թ. մարտի 23-ին ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների հսկողության ներքո իր աշխատասենյակում հերթական անգամ կաշառք առձեռն ստանալիս բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից և բերման ենթարկվել։ Խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է կաշառքի առարկան, իսկ կաշառք տվող անձինք խոստովանել են հանցագործության կատարումը։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ կաշառք ստանալու հնարավոր այլ հանցադեպերը, կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված այլ անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։