Կարևոր իրադարձություններ

Գյումրիում այսօր արձանագրված մահվան դեպքը պայմանավորված չէ կորոնավիրուսային հիվանդության հետ․ պարետատունը պարզաբանում է

26 Մարտ, 2020 19:03
Գյումրիում այսօր արձանագրված մահվան դեպքը պայմանավորված չէ կորոնավիրուսային հիվանդության հետ․ պարետատունը պարզաբանում է

Politik.am կայքում «Մահվան դեպք Գյումրիում․ հանգուցյալի մոտ կորոնավիրուս է կասկածվում» վերնագրով նյութում տեղ գտած տեղեկատվությունը մինչ հրապարակվելը չի ճշտվել Պարետատան կամ Առողջապահության նախարարության հետ: Այս մասին տեղեկանում ենք պարետատան տարածած պարզաբանումից։

«Գյումրիում մարտի 26-ին արձանագրված և վերը նշված նյութում հիշատակված մահվան դեպքը պայմանավորված չէ կորոնավիրուսային հիվանդության հետ:

Վստահեցնում ենք, որ կորոնավիրուսային հիվանդության դեպքերի հետ կապված ցանկացած տեղեկատվություն Պարետատունը և Առողջապահության նախարարությունը հրապարակում են պատշաճ և օպերատիվ կերպով՝ համապատասխան հարթակների միջոցով: Լրատվամիջոցներին կոչ ենք անում հետևել և տարածել պաշտոնապես հաստատված տեղեկությունները:

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ ՀՀ կառավարության կողմից Արտակագ դրություն հայտարարելու մասին որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, առողջապահության բնագավառում լիազոր մարմնի կողմից իրականացվող միջոցառումների

և դրանց վերաբերող տվյալների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների (այսուհետ բոլորը միասին` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով, զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարվում է միայն պարետատան տրամադրած տեղեկատվության (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղումով՝ ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման)։

Զանգվածային լրատվության միջոցների կողմից սույն որոշման 23-րդ կետով նախատեսված հաղորդումներն առանց պաշտոնական տեղեկատվության հիմքի հրապարակելու դեպքում՝ ԶԼՄ-ները պետք է հրապարակեն պարետատան կողմից այդ հաղորդման մեջ պարունակող տեղեկությունների վերաբերյալ տրամադրված, հրապարակված հերքումը կամ պարզաբանումը՝ այն ստանալուց/հրապարակվելուց հետո 2 ժամվա ընթացքում։ Միաժամանակ, ԶԼՄ-երը պետք է ապահովեն վերջինիս տարածումը նույն հարթակներով, ինչ կիրառվել է հաղորդման հրապարակման ժամանակ»,- ասված է պարզաբանման մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին