Վրաստանում գտնվող շուրջ երեք տասնյակ ՀՀ քաղաքացիներ մեկնեցին Հայաստան: Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։
Դեսպանությունը նախ հանդես է եկել իրազեկող հայտարարությամբ, այնուհետև երկու օր շարունակ իրականացրել է Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների տվյալների հավաքագրման աշխատանքներ։ Իսկ արդեն այսօր Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է շուրջ երեք տասնյակ ՀՀ քաղաքացիների տեղափոխումը վրաց-հայկական սահման և նրանց անցումը ՀՀ տարածք։
Տեղեկացնենք, որ նախապես մեկնելու ցանկություն էին հայտնել չորս տասնյակից ավել ՀՀ քաղաքացիներ, որոնց մի մասը, այնուհետև հրաժարվել է մեկնել Հայաստան։