Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո սահմանափակումներ կիրառվեցին նաև ԶԼՄ-ների նկատմամբ, ինչը վերջիններիս և հասարակական կազմակերպությունների դժգոհության պատճառ դարձավ: Նրանք կառավարությանն առաջարկել էին վերանայել արտակարգ դրության ժամանակ ԶԼՄ-ների նկատմամբ իրականացվող սահմանափակումներն ու գրաքննությունը։
Shabat.am-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը նշեց, որ ԶԼՄ-ների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ կառավարությունում քննարկումներ են ընթանում:
«Կասեմ հետևյալը՝ քննարկման փուլում է, այսօր կամ վաղը կլինի վերջնական որոշումը և կհրապարակվի»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն է սահմանվել: Պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ մեր երկրում կորոնավիրուսով վարակված 235 մարդ կա: