Կարևոր իրադարձություններ

Իշխանությունը պետք է զուսպ լինի՝ չխրախուսելով Ծառուկյանի դեմ «վնգստացողներին». Սուրեն Սուրենյանց

24 Մարտ, 2020 14:00
Հեղինակ՝ Սուրեն Սուրենյանց
Իշխանությունը պետք է զուսպ լինի՝ չխրախուսելով Ծառուկյանի դեմ «վնգստացողներին». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Իշխանությունը պետք է զուսպ լինի՝ չխրախուսելով Ծառուկյանի դեմ «վնգստացողներին»

ԱԺ-ն երեկ 117 կողմ, 0 դեմ ձայներով ընդունեց մեկուսացման կամ ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու դեպքում իրավական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը: Նման կոնսոլիդացիա խորհրդարանում վաղուց չէր եղել, սակայն սա ամենևին չի նշանակում, որ օրինագիծն էր անթերի, ճիշտ հակառակն՝ ընդդիմությունն ուներ բազմաթիվ օբյեկտիվ վերապահումներ, սակայն ռացիոնալ զսպվածություն ցուցաբերեց, որովհետև արտակարգ դրության պայմանններում մեղավորներ չեն փնտրում՝ կոնսոլիդացվում են։
Գլոբալ հարթության վրա իշխանությունը քննադատվելու լիքը տեղ ունի, մանավանդ, մարտի սկզբին, երբ կորոնավիրուսը նոր էր մտել Հայաստան ու իրապես լոկալ բնույթ ուներ, զբաղված էր, մեղմ ասած, անլուրջ նեյնիմներով։ Բայց հիմա դրա մասին խոսելու ժամանակն էլ չէ․ քաղաքական պատասխանատվության մասին կխոսենք, երբ անցած լինի վտանգը։
Ափսոս, որ այս զսպվածությունը բնորոշ չէ իշխանություններին ու նաև նրան սատարող մեծ ու փոքր քարոզիչներին, որոնք շարունակում են անսխալականի բարդույթով թիրախավորել մարդկանց։
Երեկ իշխանության պրոպագանդան ամբողջ օրը պտտեցրեց «Ես ինչո՞ւ պետք է վճարեմ աշխատողներին, պետությունն է հայտարարել արտակարգ իրավիճակ, նա էլ պարտավոր է իր ժողովրդին, ով չի աշխատում, գումարներ տրամադրել» սերիալը՝ կոնտեքստից կտրված այս խոսքերը դարձնելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ողջ հարցազրույցի մեխը։
Իշխանության լաքեյները «մոռացան» մեջբերել Ծառուկյանի ամենակարևոր խոսքը։ «Այսօր չի կարելի թերագնահատել մեկը մյուսին, ազգովի ենք տուժում, պետք է միասնական լինենք։ Անկախ ամեն ինչից՝ Ծառուկյանը իր ժողովրդի և կոլեկտիվի կողքին կանգնած է, Ծառուկյանն իր եղածն էլ կդնի ժողովրդի հարցերը կլուծի, ես օգնել ու օգնելու եմ մարդկանց, բայց դրանով հարց չի լուծվի, պետք է լիարժեք քայլեր կատարվի»,- երեկ նույն հարցազրույցում ասել էր Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ շուրջ 60 միլիոն դրամ է փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարին լծված բուժհաստատություններին։
Երբ քաղաքական առաջնորդը, սեփականատերն ամբողջ ծավալով ռեալիզացնում է սոցիալական պատասխանատվության իր բաժինը, նրան թիրախավորելը, մեղմ ասած, փոքրոգություն է։ Երբ «աբիժնիկ» ԶԼՄ-ներն ու նրանց տերերն են փորձում միավորներ հավաքել՝ Ծառուկյանին հարվածելու հաշվին, մի կերպ կարողանում ես հասկանալ, բայց՝ երբ խորհրդարանական մեծամասնության ղեկավարն է ընկնում քարոզչական «դոզայի» տակ, հասկանում ես, որ կորոնավիրուսից ավելի վտանգավոր է կոնկրետ մարդկանց, պատասխանատուների դիլենտանտիզմը։
Պետությունը հայտարարել է արտակարգ դրություն, դրանով միջամտել է հազարավոր տնտեսվարողների, նրանց մոտ աշխատողների գործունեությանը, և այդ միջամտությունից հետո որևէ ցուցում չկա, թե այդ մարդիկ իրենց կրած վնասներն ինչպե՞ս կարող են վերականգնել և արդյոք դա համարվո՞ւմ է ֆորսմաժոր, թե՞ ոչ: Իշխանությունը մինչև այս պահը չի կարողացել գտնել պրիմիտիվ այս հարցի պատասխանը ու շարունակում է մեղավորներ փնտրել, հարձակվել մի մարդու վրա, որը ստեղծված իրավիճակում չունի ֆորմալ պատասխանատվություն, բայց շտապել է սոցիալական պաշտպանվածության մեխանիզմներ ստեղծել ոչ միայն հազարավոր մարդկանց համար, այլ նաև օգնության ձեռք է մեկնել կորոնավիուսով հիվանդ մարդկանց ու նրանց առողջության համար պայքարող բժիշկներին։
Կամ իշխանության ներկայացուցիչը ասում է, թե պետությունն ունի հսկայական միջոցներ՝ գրեթե 3 մլրդ դոլարի արտարժութային պահուստներ ու թոշակների, աշխատավարձերի տրամադրման խնդրի առջև կանգնելու մասին խոսելը տեղին չէ։ Բա, որ էդքան հրաշալի վիճակում եք, ապա ինչո՞ւ եք նեղվում, երբ Ծառուկյանը ճգնաժամի հաղթահարման հիմնական պատասխանատու է համարում իշխանությանը։ Կամ՝ ինչո՞ւ եք մտադրվել ավելացնել գործարարների պարտքերը՝ հակաճգնաժամային լուծում համարելով անտոկոս պարտքերը։

Հ․գ-Միտումնավոր կադրից դուրս թողեցի «ականավոր» քաղաքագետին, որը երեկ էքստազի մեջ ընկած հերթական «պատերազմն» էր հայտարարել Ծառուկյանին։ Սրա մասին՝ հումանիտար նկատառումներից ելնելով, չեմ խոսի, բայց իշխանությանը հորդորում եմ «ուրացողի» ծառայություններից հեռու մնալ․ դե մի օր էլ ձեզ է «քցելու»՝ նոր տիրոջ փեշերից կախվելու ակնկալիքով»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին