Կարևոր իրադարձություններ

Գագիկ Ծառուկյանի ընկերությունում աշխատողները հաստատ խնդիրներ չեն ունենա․ Շաքե Իսայան

23 Մարտ, 2020 18:22
 Գագիկ Ծառուկյանի ընկերությունում աշխատողները հաստատ խնդիրներ չեն ունենա․ Շաքե Իսայան

«Գագիկ Ծառուկյանի ասածի բուն բովանդակությունը խեղաթյուրելը կարծում եմ՝ ապաշնորհ քայլ է։ Երկրորդ՝ ես նկատեցի, որ լրագրողը թյուր տեղեկատվություն տրամադրեց հարցի ընթացքում հայտարարելով, թե իբրև աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ են կատարվելու և գործատուին պարտադրելու են  վճարել ֆորսմաժորային իրավիճակի հետևանքով չաշխատող քաղաքացիների աշխատավարձերը, նման ձևակերպում եղավ հարցի ընթացքում։ Մինչդեռ՝ ես որպես ԱԺ պատգամավոր, նման օրինագծի չեմ հանդիպել և քննարկման սեղանին նման օրինագիծ չկա։ Հետևաբար, թե ինչ նպատակ էր հետապնդում այս հարցը ես զերծ կմնայի մեկնաբանելուց, քանի որ այն արհեստական է»,- այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Շաքե Իսայանը, անդրադառնալով այսօր խորհրդարանում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հնչեցրած այն հայտարարությանը, թե ինչու պետք է ինքը վճարի, պետությունը հայտարարել է արտակարգ իրավիճակ, թող պետությունն էլ հոգ տանի քաղաքացիների մասին։

Շաքե Իսայանն ընդգծում է՝ այն քննարկումները որոնք սկսվել են Գագիկ Ծառուկյանի ճեպազրուցից հետո իր համար անհասկանալի են։

«Ինձ հասկանալի պատճառներով է փորձ կատարվում ստվերել նաև այն միտքը, երբ պրն․ Ծառուկյանն ասաց, որ ինքն անձամբ պատրաստ է իր ընկերությունների աշխատողներին վճարել, բայց խնդիրն առավել գլոբալ լուծման կարիք ունի։ Այսինքն՝ այստեղ միայն պրն․ Ծառուկյանի ֆակտորը չէ, մյուս բազմահազարանոց աշխատողների հարցը բաց է մնում մյուս դեպքերում։ Առհասարակ, մոտեցումը հետևյալն է՝ եթե խաղի կանոններ են սահմանվում, պետք է լինեն հստակ և բոլորի համար հասանելի։ Մնացածը, բնականաբար, գործարարի հայեցողության տիրույթում է, իսկ Գագիկ Ծառուկյանի բարեխղճությունը կասկածի տակ դնելու որևէ առիթ անգամ չի եղել , այս դեպքում ևս։ Քանզի հենց այսօր Գագիկ Ծառուկյանն ինքը հայտարարեց, որ իր ցանկությամբ, եթե չեմ սխալվում  60մլն դրամ է նվիրաբերվել պետությանը՝ համաճարակի դեմ պայքարի շրջանակներում, այդ թվում՝ առաջին գծում գտնվող բուժաշխատողներին պարգևատրելու համար։ Ես ավելի քան վստահ եմ, որ պրն․ Ծառուկյանի ընկերությունների հետ կապված  մտահոգությունները արհեստածին են և Գագիկ Ծառուկյանի ընկերությունում աշխատողները հաստատ խնդիրներ չեն ունենա»։

Իսայանի խոսքով՝ խնդիրը մյուս բազմահազարանոց աշխատակիցների մասին է և ԲՀԿ ղեկավարի ասածը պետք է այդ կոնտեքստում դիտարկել, ոչ թե  փորձել նախադասությունից մի կտոր առանձնացնել և խեղաթյուրել միտքը։

«Ինձ համար շատ ցավալի է, որ ինչպես մեկ ամիս առաջ, այնպես էլ այսօր մենք չենք կարողանում թացը չորից տարբերել և գոնե այս իրավիճակում լրջանանք և իրապես առաջնային և լուծում պահանջող խնդիրներին ուշադրություն դարձնենք և ոչ թե դրա փոխարեն կառչենք որոշակի մտքերից կամ արհեստական հարցադրումներից»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին