Կարևոր իրադարձություններ

Պատրաստում ենք փաթեթ, որպեսզի արտոնյալ վարկեր տրամադրենք աջակցության կարիք ունեցող ընկերություններին․ Նիկոլ Փաշինյան

22 Մարտ, 2020 22:30
Պատրաստում ենք փաթեթ, որպեսզի արտոնյալ վարկեր տրամադրենք աջակցության կարիք ունեցող ընկերություններին․ Նիկոլ Փաշինյան

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի միջոցով ներկայացրեց ռազմավարությունը պանդեմիայի պայմաններում։

Փաշինյանը սկզբում ներկայացրեց ՀՀ-ում կորոնավիրուսով հիվանդների վիճակագրությունը․ 

«Այս պահի դրությամբ ունենք կորորոնավիրուսի 194 դեպք։ 12 մարդ 65-ից 80 տարիքայում խմբում է, 80 տարեկանից բարձր վարակակիր չկա: 194-ից երկուսը ապաքինվել են, 78 տոկոսը չունի ջերմություն»,-ասաց վարչապետը:  

«Ներկայումս տասնյակ երկրներ արձանագրել են մահվան դեպքեր և այդ երկրների թիվը մոտենում է 100-ի։ Աշխարհն այս պահին անորոշությունների և փնտրտուքների մեջ է, թե ինչպես պայքարել կորոնավիրուսի դեմ: Չկա մի երկիր, որը կարող է ասել, թե պատրաստ էր համաճարակին և գիտի, թե ինչպես հաղթահարել այս իրավիճակը և թե որքան է շարունակվելու այն: Կա կանխատեսում, որ համաճարակը կարող է տևել մեկ տարի կամ ավելին»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով պանդեմիայի պայմաններում կառավարության ռազմավարությանը՝ Փաշինյանն ընդգծեց, որ մեծագույն խնդիրը ոչ միայն կորոնավիրուսի տարածումը կանխելն է, որքան ապահովումը, որպեսզի մահեր չգրանցվեն կամ ունենանք նվազագույն թվով մահացության դեպքեր:

«Կայացրել ենք մի շարք կարևոր որոշումներ: Ըստ էության, որոշել ենք լայն աջակցություն ցուցաբերել տնտեսվարողներին և տնտեսությանը, բայց դա պետք է ուղղված լինի տնտեսվարողների միջոցով մարդուն և մարդկանց: Պատրաստում ենք փաթեթ, որպեսզի արտոնյալ վարկեր տրամադրենք աջակցության կարիք ունեցող ընկերություններին»,- ասաց Փաշինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին