Կարևոր իրադարձություններ

Զավեն Գրիգորյանի ազատ արձակման որոշումը Դատախազությունը չի բողոքարկի․ «Հայկական Ժամանակ»

19 Մարտ, 2020 19:30
 Զավեն Գրիգորյանի ազատ արձակման որոշումը Դատախազությունը չի բողոքարկի․ «Հայկական Ժամանակ»

Փոխգնդապետ Արա Մխիթարյանին նախորդ տարվա սեպտեմբերին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանի՝ գրավի դիմաց ազատ արձակվելու որոշումը չի բողոքարկվի: Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի հարցին ի պատասխան հայտնել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Քրեական գործով նախաքննությունն ավարտական փուլում է, արդեն իսկ կատարվել են հիմնական բոլոր քննչական, դատավարական այլ գործողությունները, ինչի պայմաններում նշանակալիորեն նվազել են մեղադրյալի կողմից քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու, ազատության մեջ գտնվելու պայմանները խախտելու ռիսկերը»,- նշել է Խաչատրյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 6-ին չնայած դատախազի առարկություններին Զավեն Գրիգորյանը Վերաքննիչ դատարանի որոշմամբ 1.5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։

Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 18-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում աղմկահարույց միջադեպ էր տեղի ունեցել, որին մասնակցություն էր ունեցել Վայոց ձորի արդեն նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանը (միջադեպից հետո մարզպետը հրաժարական էր տվել): Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկին՝ Հարություն Գրիգորյանին, մեղադրանք էր առաջադրվել նույն հոդվածով՝ 112-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ նրա եղբորը՝ Զավեն Գրիգորյանին, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Տուժած ՀՀ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը տեղափոխվել էր ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:  

 

Լրահոս

Դիտել ավելին