Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանի փեսայի «ՁորաՀԷԿ»-ի գործով կարևոր առերեսումներ են տեղի ունեցել

18 Մարտ, 2020 18:25
Սերժ Սարգսյանի փեսայի «ՁորաՀԷԿ»-ի գործով կարևոր առերեսումներ են տեղի ունեցել

Armtimes.com-ը գրում է.

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Ձորահէկ»-ի գործով առերեսվել է ՊՆ երկու աշխատակիցների հետ, որոնք գործով ունեն վկայի կարգավիճակ:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը՝ նշելով, որ տեղեկություն չունի՝ նրանք այժմ էլ աշխատում են ՊՆ-ում, թե ոչ:

Մեժլումյանի խոսքով՝ նշված երկու անձինք, ըստ էության, ասել են նույնը, ինչ իրենք, եւ այդ առերեսումով հիմնավորվել է, որ Օհանյանը իրեն վերագրված մեղադրանքի հետ որեւէ առնչություն չունի: Հարցին, թե գլխավոր հակասությունը, որ հիմք է հանդիսացել առերեսման համար, որն է եղել, պաշտպանը պատասխանեց. «Որեւէ հակասություն չի եղել, պարզապես առերեսել են՝ առերեսելու համար»: Դիտարկմանը, որ առերեսումը ցուցմունքների հակասության դեպքում է իրականացվում, Մեժլումյանը պատասխանեց. «Դե, մենք էլ էինք այդպես մտածում, բայց որեւէ հակասություն չկար»:

Պաշտպանի հետ մեր հարցազրույցը՝ ստորեւ.

-Պարո՛ն Մեժլումյան, Սեյրան Օհանյանը հարցաքննվե՞լ է, մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնե՞լ է:

-Այո՛, հարցաքննվել է, եւ մեր դիրքորոշումն այն է, որ պարոն Օհանյանը որեւէ առնչություն չունի իրեն վերագրված մեղադրանքին, մեղադրանքը ե՛ւ փաստական, ե՛ւ իրավական առումով անհիմն է:

-Նախաքննական մարմինը մեղադրանքի հիմքում ի՞նչ է դրել, նրա դեմ ցուցմունք կա՞:

- Չէ՛, որեւէ ցուցմունք պարոն Օհանյանի դեմ չկա, պարզապես քանի որ «Ձորահէկ»-ի բաժնետոմսերը մինչ դրա մասնավորեցումը ՊՆ-ի կառավարմանն են հանձնված եղել, դրա համար պարոն Օհանյանին մեղադրանք է առաջադրվել: Ընդամենը դա է. պարոն Օհանյանի առնչությունը ձեւական է եղել, նա ոչ մեկի հետ ո՛չ հանդիպել է, ո՛չ նախաձեռնել է այդ գործընթացը, նախաձեռնողը այլ նախարարություն է եղել, եւ պայմանագիրն էլ կնքվել է կառավարության որոշման հիման վրա:

- Ըստ ՀՔԾ-ի՝ Սեյրան Օհանյանի անունից կառավարության որոշման նախագծիառաքման վերաբերյալ գրություն է կազմվել: Ի՞նչ բովանդակություն է այն ունեցել:

- Տեսեք, քանի որ այդ նախագիծը Պաշտպանության նախարարության հաշվեկշռում է եղել, ձեւական առումով հենց ՊՆ-ի կողմից է ուղարկվել, եւ հետագայում էլ կառավարության հաստատմամբ որոշում դարձել, բայց այդ նախագծի կազմելու հետ ո՛չ պարոն Օհանյանը, ո՛չ ընդհանրապես ՊՆ-ն առնչություն չեն ունեցել: Այսինքն՝ ՊՆ-ի առնչությունը ավելի պակաս է եղել, քան զուտ տեխնիկականը:

- Այդ դեպքում ո՞ր մարմինն է առնչություն ունեցել:

- Էներգետիկայի ոլորտի մարմինը, որն այդ դաշտը ղեկավարողն է եղել:

- Իսկ որեւէ փորձաքննական մարմնի կողմից գնահատական տրվե՞լ է այն գնային արժեքին, որով «Ձորահէկ»-ը օտարվել է:

- Ես չեմ կարող ասել, թե ինչից ելնելով է այդ գումարը ընտրվել, որովհետեւ, ինչպես նշեցի, ՊՆ-ն չի այն նախաձեռնել, ով նախաձեռնել է, նա կարող է ասել՝ պաշտոնապես գնահատվել է, թե ոչ, մենք գործի նյութերին ամբողջությամբ ծանոթ չենք, որ իմանանք, բայց, ամեն դեպքում, այսօրվա տվյալներով որ նայում եմ, կարծես թե 2010 թվականի համար ողջամիտ գումար է եղել:

- Պարոն Օհանյանն էլ վերջերս լրագրողների հետ զրույցում նշել էր, որ առավելապես առնչություն են ունեցել Էներգետիկայի նախարարությունը եւ կառավարությունը: Նշված կառույցներից նախկին կամ ներկա պաշտոնյաներ կա՞ն, որոնք այս գործով կարգավիճակ ունեն, կամ հնարավո՞ր է՝ նրանց միջեւ եւս առերեսումներ եղած լինեն…

- Չէ՛, կառավարությունից կամ այլ նախարարությունից կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձի մասին տեղեկություն չունեմ, եւ նման անձանց հետ առերեսում չի եղել:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին