Հյուպատոսական հաշվառումն օգնում է ԱԳՆ-ին՝ ճշգրիտ իմանալ՝ որ երկրում ՀՀ քանի քաղաքացի կա և ինչպես կապ հաստատել նրանց հետ: ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ու Հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին, որ Թուրքիայից որևէ հյուպատոսական հաշվառում չի արվել, և դա որոշակիորեն բարդացնում է իրենց աշխատանքը՝ ՀՀ քաղաքացիների հետ կապվելու առումով:
Ավետիսյանը հայտնեց, որ Վերին Լարսի անցակետում ներկա դրությամբ մոտ 40 ՀՀ քաղաքացի կա, որոնց հետ կապի մեջ է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը, փորձ է արվում նրանց օգնություն ցույց տալ ու ուղղորդել: Նաղդալյանը տեղեկացրեց՝ Ֆրանսիայում գտվող ՀՀ քաղաքացիները Հայաստան կարող են վերադառնալ Air France-ի առաջիկա չվերթով։ Այնտեղ դեռեւս կան հասանելի տոմսեր։
Հայաստանից մեկնել ցանկացողների համար ԱԳՆ խոսնակը հիշեցրեց՝ Հայաստանը, ցամաքային ճանապարհով մեկնելուց բացի, իր քաղաքացիների համար սահմանափակում չի մտցրել: