Իրանում բնակվող մեր հայրենակից Արթուր Շահբազյանը, ով երկու շաբաթ Ծաղկաձոր «Գոլդեն Փալաս»-ում գտնվել է կարանտինում, ֆեյսբուքյան իր էջի միջոցով իր անդրադարձել է Առողջապահության նախարարությանը և նրա կատարած աշխատանքին․
«Շնորհակալական խոսք, ուղղված կառավարությանը, մասնավորապես Առողջապահության նախարարությանը, Նախարար Արսեն Թորոսյանին.
14 օր Ծաղկաձորում մեկուսացման մեջ էինք ոչ միայն մենք, այլ նաև մեր կողքին ինքնամեկուսացված էին հանձնախմբի աշխատողներն ու պատասխանատուները՝ իրենց առողջությունը վտանգելով: Նրանք մեկ անգամ ևս ցույց տվեցին, որ հայրենիքը պաշտպանված պահելն ու հայրենակիցների կյանքի անվտանգությունը ապահովելն է ամենակարևորն ու առաջնայինը:
14 օրերի ընթացքում ապահովեցիք ոչ միայն մեր առողջությունը՝ առողջ սնունդով, հնարավոր բոլոր ժամանցային միջոցներով (գրականությամբ, փազելներով ու ինտերնետ կապով), այլ նաև հոգում էիք մեր ամեն մի կենցաղային պահանջն ու երբեմն ձանձրույթից եկած նվնվոցները:
Շնորհակալություն ձեր համբերատարության համար, ձեր պրոֆեսիոնալ աշխատանքի համար, ձեր մարդկային մոտեցման ու վերաբերմունքի համար:
Ես անձամբ պատրաստ եմ ձեզ օգնել հնարավոր ձևերով, որպես կամավոր քաղաքացի»: