Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    525
    529,5

  • EUR

    639
    651

  • RUB

    7,08
    7,3

Կարևոր իրադարձություններ

Արամ Օրբելյանը զրպարտություն համար­վող տեղեկատվությունը հերքելու և վնասի հատուցման պահանջով դիմել է դատարան՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

17 Մարտ, 2020 20:20
Արամ Օրբելյանը զրպարտություն համար­վող տեղեկատվությունը հերքելու և վնասի հատուցման պահանջով դիմել է դատարան՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

«Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության տնօրեն Սեդրակ Ասատրյանը հայտարարություն է տարածել

«Մարտի 10-ին Քաջարանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչա­պետ Նիկոլ Փաշինյանը՝ «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերու­թյան ավագ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանի հասցեին իրակա­նությանը չհամապատասխանող և չստուգված տեղեկությունների հիմա վրա զրպարտություն հանդիսացող հայտարարություն էր տարածել, թե իբր Արամ Օրբելյանը, ով հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը «էն ժամանակներում երբ մարտի մեկի հետ կապված գործ էր քննվում ՍԴ-ում, բազմիցս ելումուտ է արել Սահմանադրական դատարան», որը չի արձանա­գրվել սահմանված կարգով։ Վարչապետ Փաշինյանը կրկին առանց հիմքերի և տեղեկատվության աղբյուրը ստույգ նշելու հայտարարեց, թե «ոստիկանները բացատրություն են տվել, որ ՍԴ նախագահի օգնականը կամ աշխատակազմի ղեկավարն ասել է՝ շեֆի սանիկն է, թող գա, մի գրանցեք»: Այս ելույթի նշված հատվածը կոչված է հիմնավորելու այնտեղ նշված ոչ պատշաճ վարքագիծը, և որպես հետևանք հիմնավորելու քարոզ­արշավի ժամանակ «Այո»-ի մոտեցումը:

Հաշվի առնելով նշվածը, Արամ Օրբելյանը դիմել է դատարան ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, զրպարտություն հանդիսացող տեղեկատվությունը հերքելու և բարոյական վնասի դրամական փոխհատուցման պահանջով: Արամ Օրբելյանին ներկայացնում է Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյանը:

Հիշեցնենք, որ դեռևս 2020 թվականի հունվարի 30-ին հանրային հեռուս­տատեսության «Լուրերի գլխավոր թողարկման» ընթացքում նմանատիպ (բայց ոչ նույնական) պնդումներով հաղորդում էր հեռարձակվել, ինչի առնչությամբ փետրվարի 29-ին Արամ Օրբելյանը զրպարտություն համար­վող տեղեկատվությունը հերքելու և վնասի հատուցման պահանջով դիմել էր դատարան։

Ընդ որում, մինչև այս հայցով դատարան դիմելը, փաստաբանը գրավոր դիմել էր և Ազգային Անվտանգության Ծառայությանը և Հանրային հեռուս­տատեսության տնօրինությանը՝ խնդրանքով իրեն տրամադրել հաղորդ­ման համար հիմք հանդիսացած տեղեկությունները, դատավարական փաստաթղթերի պատճենները։ Հանրային հեռուստատեսության գրու­թյունն այդպես էլ մնաց անարձագանք, իսկ Ազգային Անվտանգության ծառայու­թյունից Արամ Օրբելյանին պատասխանել էին՝

«ՀՀ ՔՕ 35-րդ հոդվածի 1 -ին մասի 2-րդ կետով սահմանված կար­գով կա­յացվել է քրեական գործը հարուցելը մերժելու մասին որո­շում՝ ՀՀ ՊՊԳՎ կարևորագույն օբյեկտների և հիմնարկ-ձեռնար­կությունների պահպանու­թյան գնդի ոստիկանների արարքներում հանցակազմի բացակայության պատճառով: Նշված որոշմամբ Ձեր գործողություններին իրավաբանա­կան գնահատական չի տրվել»։

Նշված գործով դատարան դիմելը լայնորեն լուսաբանվել է ԶԼՄ-ներով, և սոցիալական մեդիայում և դարձել լայն քննարկման առարկա: Չնայած նշվածին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չսպասելով համապա­տասխան գործով դատարանի որոշման, կամ առանց հավելյալ ստուգում իրականացնելու, կրկին վերարտադրել է Արամ Օրբելյանի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, ինչով կրկին զրպարտել է Արամ Օրբելյանին:

Չստուգված, իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալներ՝ զրպարտչական տեղեկություններ տարածելը արատավորում է ոչ միայն միջազգային ճանաչում ունեցող իրավաբանական գիտությունների թեկնա­ծու, փաստաբան Արամ Օրբելյանի պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը, այլև վնասում է «Կոնցեռն Դիալոգ»՝ միջ­ազգային ասպա­րեզում ճանաչում ունեցող փաստաբանական ընկերության գործարար համբավին:

Կրկին հիշեցնում ենք, ՀՀ Սահմանադրության անփոփոխելի 3-րդ հոդվածի ուժով, «Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազա­տությունների անքակտելի հիմքն է», իսկ «Մարդու և քաղաքացու հիմնա­կան իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են»։  Հորդորում ենք բոլորին, ձեռնպահ մնալ որևէ անձի պատվի և արժանապատվության նկատմամբ ոտնձգություններից, չտարածել չստուգված, ոչ հավաստի և արժանապատվությունը արատավորող տեղեկություններ:

Պահանջում ենք հանրային իշխանություններից կատարել իրենց սահմա­նադրական պարտականությունները՝ ձեռնարկել միջոցներ կանխելու և բացառելու անձի և փաստաբանի մասնագիտական գործունեությանը մի­ջամտելու բոլոր փորձերը, ներառյալ փաստաբանի անձը արատավորող չստուգված, ոչ հավաստի և զրպարտություն հանդիսացող տեղեկատվու­թյան տարածումը»,- ասված է հայտարարության մեջ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին