Կարևոր իրադարձություններ

Հայաստանի օդային երթևեկության կարգավարները ինքնամեկուսացել են կորոնավիրուսից

15 Մարտ, 2020 12:20
Հայաստանի օդային երթևեկության կարգավարները ինքնամեկուսացել են կորոնավիրուսից

«Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի անձնակազմը հարկադիր նախազգուշական միջոցներ է ձեռնարկել Էջմիածնում ընկերության աշխատակցի՝ կորոնավիրուսով վարակման փաստի բացահայտման կապակցությամբ, այս մասին ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կորոնավիրուսի տարածման վտանգից ելնելով՝ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ աշխատակիցներն ինքնամեկուսացվել են ընկերության վարչական շենքում:

«Անձնակազմը պատասխանատու է Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի երկու միջազգային օդանավակայաններում անվտանգ օդային երթևեկության կազմակերպման համար: Որոշումը կայացվել է համատեղ՝ առողջապահության նախարարության, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի ղեկավարության կողմից։ Հարկադիր նախազգուշական միջոցներ են ձեռնարկվել Էջմիածնում ընկերության աշխատակցի՝ կորոնավիրուսով վարակման փաստի բացահայտման կապակցությամբ: Երկրի օդային երթևեկության շարունակական սպասարկումն ապահովելու համար շենքում ներկա պահին գտնվում են ընկերության ղեկավարությունը՝ գլխավոր տնօրեն Արթուր Գասպարյանի գլխավորությամբ, ավիակարգավարների, ինժեներատեխնիկական մասնագետների անհրաժեշտ նվազագույն 75 հոգանոց անձնակազմը», - ասված է հաղորդագրության մեջ։

Ընկերության ղեկավարությունը հրատապ կազմակերպել և ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները կարանտինի տակ գտնվող անձնակազմի շարունակական աշխատանքը և հանգիստը` ի սկզբանե 14 օր տևողությամբ, ապահովելու համար։ Ըստ հայտարարության` «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող ընկերության վարչական շենք ոչ ոք չի կարող մուտք գործել, ինչպես նաև լքել այն: Այս որոշումը կապահովի անխափան օդային երթևեկությունը Հայաստանի Հանրապետության օդային տարածքում, ինչպես նաև երկրի երկու միջազգային օդանավակայաններում:

 

Լրահոս

Դիտել ավելին