Կարևոր իրադարձություններ

Հայկ Մարությանը արձակուրդ է վերցրել. Հակոբ Կարապետյանի պարզաբանումը

12 Մարտ, 2020 13:17
Հեղինակ՝ Հակոբ Կարապետյան
Հայկ Մարությանը արձակուրդ է վերցրել. Հակոբ Կարապետյանի պարզաբանումը

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Հայկ Մարությանը Երևանում է և այս օրերին երկրից չի մեկնել:

 «Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը իր հերթական արձակուրդն է վերցրել մարտի տասին։ Յուրաքանչյուր աշխատող տարվա մեջ 24 օրվա արձակուրդի իրավունք ունի։ Այդ քսանչորս օրը կարելի է օգտագործել միանգամից կամ մաս-մաս։ Քաղաքապետ Մարությանը 2019-ին օգտագործել է իր հասանելիք արձակուրդային օրերից 14-ը, ևս երկու օր չվճարվող արձակուրդ է վերցրել (ինչպես ասում են՝ իր հաշվին)։ Սա սովորական, նույնիսկ պարզունակ տեղեկություն է՝ անգամ թերևս լուսաբանման ոչ արժանի։
 
Սակայն բամբասկոտ լրատվամիջոցները այդպիսին չէին լինի, եթե ամեն մի պարզ բանից ինտրիգ չհյուսեին՝ համեմելով բամբասանքը ապատեղեկատվությամբ։ Օրինակ, մեկը գրում է, թե իբր, քաղաքապետը անսպասելի մեկնել է երկրից ընտանիքի հետ, մյուսը, թե ընկերների հետ գնացել է Չեխիա, երրորդը ինչ-որ հեռուն գնացող հետևություններ է անում սրա հիման վրա և այլն և այդպես շարունակ։
 
Մինչդեռ քաղաքապետը ոչ մի տեղ չի գնացել, նա Երևանում է՝ ընտանիքի հետ։ Ցանկացած մարդու, առավել ևս հանրային դեմքերի ելումուտը երկրից հնարավոր է ստուգել, և պրոֆեսիոնալ լրագրողը գիտի, թե ինչպես են դա անում։ Բայց, ինչպես երևում է, մեր գործընկերների խնդիրը ոչ թե իրականությունը հաղորդելն է, այլ տարբեր երանգավորմամբ բամբասանքի տարածումը»,- մասնավորապես գրել է Կարապետյանը` հավելելով, թե նրանց «իր ձայնն է միացրել ավագանու անդամ, Դավիթ Խաժակյանը»:

Կարապետյանը Դավիթ Խաժակյանին առաջարկել է ընթերցել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը և Աշխատանքային օրենսգիրքը, մասնավորապես, արձակուրդի իրավունքին վերաբերող դրույթները։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին