Այսօր  սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի  ընթացքում Նիկոլ Փաշինյանն Ամուլսար տանող ճանապարհին տեղակայված երկրորդ պահակակետի մոտ հանդիպեց ջերմուկցիների հետ։ Վերջիններս վարչապետին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը։

«Ասել էի չէ՞, որ մինչև 2021թ. նոյեմբեր բացառված է, որ որևէ շահագործում տեղի ունենա, ինչո՞ւ եք մնում էստեղ»,- նշեց Փաշինյանը:

«Լիդիանը նույնիսկ սխալներ է գտել Էլարդի տված եզրակացությունների մեջ, հիմա ազնի՞վ է լսել մեկի փաստարկը, իսկ մյուսին ասել՝ չեմ լսում։ Ես հարցին պատասխանում եմ ուղիղ՝ եթե կան բնապահպանական այնպիսի վտանգներ, որոնք կառավարելի չեն, ապա այդ հանքը չի շահագործվի, եթե կան երաշխիքներ, որ այդ բնապահպանական ռիսկերը կառավարելի են, ապա  պետք է աշխատի հանքը»,- ասաց Փաշինյանը։

Ջերմուկցիները պատասխանելով վարչապետի խոսքին, ասացին, որ ամեն դեպքում իրենք թույլ չեն տա, որ Ամուլսարի  հանքը շահագործվի։ 

«Եթե չեք թողնելու, բա ինձնից ինչ եք ուզում»,- պատասխանեց վարչապետը։

Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող  ջերմուկցիներից մեկի այն դիտարկմանը, թե ինչպես կարող են ապրել այս տարածքում, եթե քիչ հեռու շահագործվի հանքը, վարչապետն ասաց, որ ինքը նույնպես հստակ չի կարող այս պահին պատախանել այդ հարցին։  

Ջերմուկցիների այն դիտարմկման, որ վարչապետի տունը հեռու է, Փաշինյանն ասաց՝ 

«Եթե  դուք մտածում եք, որ ես այդպիսի մարդ եմ, որ մտածեմ՝ իմ տունը հեռու է, իսկ ջերմուկցու տունը թող քանդվի, ապա ինչո՞ւ եք ընդհանրապես խոսում իմ հետ, ինչո՞ւ եք թողնում մտնեմ ձեր քաղաք։ Մենք պետք է հասկանանք, այդ հանքը այս մարդկանց տունը քանդելու է , թե ոչ, կառավարելի ռիսկերը տարբերենք անկառավարելի ռիսկերից»։