Կարևոր իրադարձություններ

Ծրարով ի՞նչ փողերի մասին էր ակնարկում Էդմոն Մարուքյանը. Նախարարների փողերը նախկինում և հիմա

10 Մարտ, 2020 15:52
Ծրարով ի՞նչ փողերի մասին էր ակնարկում Էդմոն Մարուքյանը. Նախարարների փողերը նախկինում և հիմա

 Վերջին շրջանում շատ է քննարկվում, թե որ նախարարը որքան պարգևավճար ստացավ: Սա դարձել է նախկինների ու իրենց լրատվականների հերթական հարձակման թեման: Նախկինում նախարարներին ծրարով փող տալու մասին էլ ԱԺ-ում խոսեց Լուսավոր Հայաստանը, ով երևի մոտիկից է ծանոթ նախկին բարքերին ու ծրարով փողերի թեմաներին: Ահա թե ինչու, պետք է հիշել ու հիշեցնել, թե ինչպես ու ինչ փողեր էին աշխատում նախարարները նախկինում և հիմա:  

 Ըստ օդում պտտվող լուրերի, նախկին ամենապարկեշտ որոշ պաշտոնյաներ ծրարով մի 2-3 հազար դոլար են ստացել իշխանական վերնախավից: Ճիշտ այնքան, ինչքան այսօր օրինական ձևով, որպես պարգևավճար ստանում են բարձրաստիճան պաշտոնյաները: Նախկին «մաքուրները» այդ ծրարները ստացել են, որորվհետև այնքան ազնիվ են եղել, որ չեն ուզեցել մասնակցել համընդհանուր թալանին: Նախկիններն էլ ուրախությամբ իրենց «սև կասսայից»  տվել են այդ մարդկանց «թուլափայը», որովհետև գոնե մի քանի ուտող բերան պակասել է իրենց հսկայական կերակրատաշտից: Ահա այդ ծրարների շնորհիվ ժամանակին կային ամիսը 2-3 հազար դոլար ստացող նախարարներ, որոնք իրապես ազնիվ էին՝ ամիսը 20-30 հազար «բռնող» իրենց կոլեգաների համեմատ և ուղղակի սուրբ էին ամիսը 200-300  հազար դոլարից ավել շինող սուպեր-պաշտոնյաների համեմատ: Այդ կիսաազնիվներից մեկ-երկուսը կարողացել են տեղավորվել ներկայիս կառավարությունում, և հենց դա էին ակնարկում նախկինների «ամենաազնիվ» ընդդիմադիրները:  

 Նախկինում ծրարով փող ստացող ու հիմա նույն չափով օրինական ստացող նախարարների մեջ մի շատ մեծ տարբերություն կա: Ծրարով ստացող նախարարը պիտի աչք փակի կամ էլ ակտիվ աջակցի իր շեֆերի անօրենություններին, իսկ օրինական ստացողը՝ հանգիստ խղճով կարող է պաշտպանել բացառապես հանրային շահը, օրենքը, ժողովրդին: Այնպես որ, երկու հազար դոլարի համար գիշեր-ցերեկ ազնիվ աշխատող ու բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող նախարարի համեստ պարգևավճարից անընդհատ ուշագնաց լինողները բաժանվում են երկու խմբի. ա/ նախկիններից ծրարով 200-300 դոլար ստացող լրագրողներ, քաղաքագետներ, ընդդիմադիրներ, բ/ օրինական ու արդար միլիոն դրամ վարձատրությունը միլիոնավոր դոլարների թալանից չտարբերողներ:  

 Պետք է նաև հասկանալ, որ նախարարը բոլոր ժամանակներում եղել է և կա միջին վիճագրականից շատ ավելի խելացի կամ գոնե խորամանկ մարդ: Նաև անհրաժեշտ է հաշվի առնել, որ նախկինում և հիմա բոլոր նախարարների ձեռքի տակով հոսել և հոսում են միլիոնավոր դոլարներ: Այս ամենը հաշվի առնելով՝ ցանկացած գիտակից մարդ հասկանում է, որ նախարար աշխատելու ամենափոքր իսկ կարողություն ունեցող ամեն մեկը գոնե ամսական 2-3 հազար դոլար պետք է ստանա: Հասկանալի է, որ ամսական հարյուր դոլար ստացողի համար դա մի հսկայական գումար է: Հասկանալի է, որ ցածր վարձատրվողներից շատերը վստահ են, որ իրենք ավելի խելոք են ու արժան, քան մեր բոլոր ժամանակների բոլոր նախարարները: Հասկանալի է, որ միլիոնավոր դոլարներ թալանածները հիմա փորձում են հենց իրենց մեղքով սովից չարացած մարդկանց մոտ նախանձ ու բողոք արթնացնել մի քանի հազար դոլար ստացող նախարարների դեմ: Հասկանալի է նաև, թե ումից ինչ են ստանում այն լրագրողներն ու գործիչները, ովքեր հիստերիկ հարձակվում են այդ համեստ պարգևավճարներ ստացող ազնիվ պաշտոնյաների վրա:  

 Այո՛, նախարարների ու փոխնախարարների ներկայումս տրվող «պրեմիաները» շատ համեստ են, քանի որ նրանց մեծամասնությունը մասնավոր հատվածում կարող էր երկու կամ երեք անգամ ավել գումար վաստակել: Այդ պարգևավճարները չափազանց համեստ են, որովհետև ատկատներ կերած, կաշառքով մարդկանց գործի ընդունած, ընտանեկան բիզնեսներից հարկեր չտված, պետական գույքերը կոպեկներով փոշիացրած նախարարներն ու մյուսները ստացել են ոչ թե ամսական 1 միլիոն դրամ «պրեմիա», այլ դիզել են ամսական նվազագույնը 100 միլիոնի «թալան»: Այդ պարգևավճարները արդար են ու համեստ, որորհետև եթե հիմիկվա նախարարները ոչինչ չանեն ու միայն թե նախկինի պես չթալանեն, արդեն իսկ ժողովրդին այնպիսի մեծ ծառայություն մատուցած կլինեն, որ կարող են ցմահ այդպիսի «պրեմիաներ» ստանալ: Հիմիկվա պաշտոնյաները դրանից հաստատ ավելին են անում ու դրա դիմաց ստանում իրենց արդար վարձքը:  

 Հիմա նախարարները չեն թալանում, այլ հոգում են իրենց ոլորտների մասին ու նախկինների թողած ավերակների վրա հարյուրավոր դրական արդյունքներ են ապահովում: Նրանք չեն թալանում նաև այն պատճառով, որ գիտեն, թե ինչպիսին է իրենց վերադասը և թե ինչ է լինում  նախկին ու ներկա ցանկացած անկուշտ պաշտոնյայի հետ: 

 

Լրահոս

Դիտել ավելին