Կարևոր իրադարձություններ

Գյումրեցի 13-ամյա աղջկա խնամակալությունը ստանձնելու պատրաստակամություն է հայտնել երևանաբնակ մի կին

10 Մարտ, 2020 15:09
Գյումրեցի 13-ամյա աղջկա խնամակալությունը ստանձնելու պատրաստակամություն է հայտնել երևանաբնակ մի կին

Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա խնամակալությունը ստանձնելու 1 դիմում է ստացել Գյումրու խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը: Դիմումատուն Երեւանի բնակիչ Նվարդ Մ.-ն է: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանը: «Այս պահին մենք նրան միանգամից չենք կարող խնամակալ ճանաչել, որովհետեւ համակողմանի ուսումնասիրություններ ենք անելու: Թե ո՞վ է, ի՞նչ զբացվածություն ունի, դեռ չգիտենք: Հարգել ենք նրա քայլը, ընդունել ենք դիմումը, որ քննարկենք: Խնամակալության հարցը հետաձգել ենք այս պահին: Գտնում ենք, որ ավելի ճիշտ կլիներ հարազատներն արձագանքեին, գոնե նրանցից մեկն առաջարկեր, գրեր: Բայց մինչեւ այս պահը ոչ մեկը չի դիմել, ցանկություն չի հայտնել: Բայց եթե առաջիկայում էլ չլինի նրանց կողմից դիմում, արդեն կանդրադառնանք մյուսներին: Քանի որ աղջիկն ու եղբայրն արդեն համարվում են առանց ծնողական խնամքի մնացած (ԱԾԽՄ), իրավունքները ժամանակավորապես դրվում է համայնքի խնամակալության եւ հոգաբարձության մարմինի վրա: Դրանք մենք ենք կատարում մինչեւ խնամալակության տալը»,-ասաց Էդուարդ Բաղրամյանը:

Նա ասաց, խնամակալի ընտրության հարցում չեն շտապի: Այս պահին հրատապության խնդիր չկա: Քանի որ աղջիկը դեռ հիվանդանոցում է եւ դեռ բուժման տեւական ճանապարհ ունի անցնելու: Դրանից բացի նաեւ երեխայի կարծիքն է լինելու վճռորոշ: «Մինչեւ չլինի աղջկա համաձայնությունը, մենք որեւէ մեկին չենք կարող ճանաչել խնամակալ: Այս պահին նաեւ չգիտենք, թե երեխայի առողջական հարցերն ինչպես կկարգավորվեն: Գուցե Երեւանում մնա, կամ Գյումրիում: Ամեն ինչ այս պահին անհայտ է: Այս պայմաններում մենք չենք կարող Գյումրիում մնացող երեխային խնամակալ ճանաչել Երեւանում ապրող մեկին, կամ հակառակը, եթե աղջիկը մնա Երեւանում, խնամակալը լինի Գյումրիում: Օրենքի պահանջ կա, որ խնամակալը պետք է պարտադիր բնակվի երեխայի հետ»,-բացատրեց Գյումրու խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանը :

Վերջինիս ասաց, ուրախ կլիներ, որ Գյումրիից որեւէ մեկը երեխայի խնամակալը դառնալու ցանկություն հայտներ: Նման քաղաքացիներ, սակայն, չեն եղել: Իսկ երեւանաբնակ կնոջ դիմումի հիման վրա արդեն կսկսեն լուրջ ուսումնասիրությունները: Ըստ պատասխանատուի, չեն կարող ուղղակի, օդի մեջ որոշում կայացնել եւ երեխային հանձնել խնամակալին: «Մենք հիմա զբաղված ենք ծնողի մահվան վկայականի հարցի կարգավորմամբ, նաեւ երեխաներին հասանելիք թոշակի եւ նպաստի խնդիրն ենք լուծում: Այսինքն՝ անում ենք այն, ինչն օրենքով պետք է անենք: Զուգահեռ էլ ձեռնարկվել է խնամակալության ցանկլություն հայտնած կնոջ տվյալների ուսումնասիրությունը»:  

Հանձնաժողովի նախագահը նաեւ տեղեկացրեց, որ առաջիկա օրերին Գյումրի է վերադառնալու աղջկա անչափահաս եղբայրը: Բայց թե ում հետ է գալիս, մնալու է, թե գնալու է, չգիտեն: «Այստեղ էլ կա խնդիր, մենք տղայի հորաքրոջն էլ պետք է տեսնենք, զրուցենք, որովհետեւ երեխայի 18-ը լրանում է սեպտեմբերին, եւ նա զորակոչվելու է բանակ: Հորաքույրն իրավունք չունի այդ տարիքի տղային երկրից տանել ու բերել, կամ թողնի, որ մենակ գա ու գնա»,-ասաց Բաղրամյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին