Կարևոր իրադարձություններ

Սյունիքն աժիոտաժի մեջ է. ինչպես են պատրաստվում Նիկոլ Փաշինյանին եւ ով է նրան ուղեկցելու. «Ժողովուրդ»

10 Մարտ, 2020 09:19
Սյունիքն աժիոտաժի մեջ է. ինչպես են պատրաստվում Նիկոլ Փաշինյանին եւ ով է նրան ուղեկցելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզից կսկսի սահմանադրական փոփոխությունների մարզային քարոզարշավը: Եւ, ահա, ըստ մեր տեղեկությունների՝ վարչապետն առավոտյան ուղղաթիռով միանգամից իջնելու է Սյունիքի մարզի Ագարակ քաղաք, որտեղից էլ նախատեսված է սկսել քարոզարշավը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին Սյունիքի մարզի բոլոր համայնքներում աժիոտաժ է տիրում, քանի որ բոլորը ցանկանում են հավուր պատշաճի դիմավորել Նիկոլ Փաշինյանին:

Երեկ դա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց նաեւ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը՝ հայտարարելով, թե իրենք պատրաստվում են դիմավորել վարչապետին: «Իհարկե պատրաստվում ենք, հանրապետության վարչապետն է գալիս, մենք մեր մասով, կոմունալ ծառայությունը՝ իր մասով, մաքրությունը եւ այլն, այդքանը: Դե մենք միշտ էլ մաքրությունով զբաղվում ենք, բայց վաղը մի քիչ տարբերություն պետք է լինի էլի, ամեն դեպքում, լիքը հյուրեր են գալու մայրաքաղաքից, գան, ավելի մաքուր տեսնեն մեր համայնքը», – մեզ հետ զրույցում նշեց նա:

Նկատենք, որ սահմանադրական փոփոխությունների՝ «Այո»-ի ակտիվ քարոզարշավ իշխանության ներկայացուցիչներն, ըստ էության, սկսել են միայն մարտի 7-ից, իսկ մինչ այդ նախապատրաստական աշխատանքներ էին: Եվ պատգամավորները, վարչապետից զատ, այս օրերին գնում են տնից տուն, անձամբ բուկլետ բաժանում եւ շփվում բնակիչների հետ: Իսկ, ահա, վարչապետը քարոզարշավ կանցկացնի նաեւ հանրահավաքների միջոցով:

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվանից արձակուրդ է վերցնում: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացավ, որ այսօրվա քարոզարշավին Նիկոլ Փաշինյանին կուղեկցեն «Այո»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանն ու Սյունիքի մարզից վարկանիշային ընտրակարգով ընտրված պատգամավորները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին