Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    501
    507

  • EUR

    544,5
    556,5

  • RUB

    6,24
    6,64

Կարևոր իրադարձություններ

«Էրդողանը գուցե իրեն համարում է 2-րդ Աթաթուրք»․ Էթյեն Մահչուփյան

10 Մարտ, 2020 00:08
«Էրդողանը գուցե իրեն համարում է 2-րդ Աթաթուրք»․ Էթյեն Մահչուփյան

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հիմնած «Ապագա» կուսակցության փոխնախագահ, հայ քաղաքական գործիչ Էթյեն Մահչուփյանը, որը նախկինում զբաղեցրել է վարչապետ Դավութօղլուի խորհրդականի պաշտոնը, Թուրքիայի քաղաքական օրակարգի և իշխանությունների մասին ուշագրավ մեկնաբանություններ է արել։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Բերիլ Էսքիի հեղինակած «Kısa Dalga Podkast» (kisadalga.net) հաղորդաշարին հյուրընկալված Մահչուփյանը կարծիք է հայտնել, որ Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող գյուլենական համայնքի կողմից ստեղծված բոլոր մեխանիզմներն ու միջոցներն այսօր ազատորեն կիրառվում են Թուրքիայի իշխանությունների կողմից, քանի որ պարզապես ձեռնտու են այսօրվա իշխանություններին։

Անդրադառնալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանն (ԱԶԿ-AKP) ու դրա գործունեությանը՝ Մահչուփյանը նշել է, որ կուսակցությունն ի սկզբանե ստեղծվել էր որպես «հնարավորություն», որ այն կարող էր չգնալ ծայրահեղ ավտորիտարության ուղով, սակայն  ոչ մուսուլմանները, ոչ աշխարհականները չկարողացան օգտագործել այդ հնարավորությունը։

Մահչուփյանի խոսքով՝ վերափոխվելու, ավելի ժողովրդավար ուղով շարժվելու հնարավորություն ԱԶԿ-ն ուներ նաև 2015թ․ նոյեմբերի ընտրություններից հետո։ Այդ ընտրություններում տարած հաղթանակը ԱԶԿ-ն կարող էր օգտագործել որպես երկրորդ հնարավորություն, ինչը նույնպես չարվեց․

«Ռեջեփ Թայիփ Էրդողանն այդ ժամանակ հնարավորություն ստացավ իրականացնելու այն ծրագիրը, որի մասին վաղուց երազում էր։ Իմ գնահատմամբ՝ Էրդողանն ի սկզբանե իրեն Թուրքիայի պատմության մեծագույն առաջնորդներից է համարում, գուցե իրեն զգում է որպես երկրորդ Աթաթուրք։ Եվ այն ժամանակ նա մտածեց, որ ահա, ստեղծվել է այդ երազանքն իրականացնելու հնարավորությունը։ Նա ինքն իրեն սկսեց վարպետ համարել, կարծեց, թե աշակերտության փուլն ավարտվել է։ Բայց, իհարկե, երբ աշակերտությունից անցնում եք վարպետության և իրական գիտելիքների վրա չեք հիմնվում, այդժամ կարող եք ամենամեծ սխալները գործել։ Նա էլ մեծ սխալներ արեց և դեռ անում է։ Ես չեմ կարծում, թե Էրդողանը գիտակցաբար երկրի համար վատ քայլեր է ձեռնարկում։ Ոչ։ Նա պարզապես անում է այն, ինչ կարողանում է»,- նշել է Մահչությանը։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին