Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում նախատեսվում է հանրապետությունում վերականգնել շուրջ 65 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության ճանապարհներ, որոնք կընդգրկեն Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Սյունիքի մարզերը: Նախատեսվում է շինարարական աշխատանքների մրցույթները կազմակերպել 2 փուլով։
Առաջին փուլում կհայտարարվեն այն ճանապարհների մրցույթները, որոնց համար արդեն մշակվել են նախագծեր։ Դրանք շուրջ 23 կմ ընդհանուր երկարությամբ հետևյալ ճանապարհներն են՝ Լուկաշին-Հ17, որն ունի 3.2 կմ երկարություն, գտնվում է Արմավիրի մարզում, Դաստակերտ-Նժդեհ-Ցղունի հանրապետական նշանակության ճանապարհը՝ 5.4 կմ երկարությամբ, որը գտնվում է Սյունիքի մարզում‚ և Գեղարքունիքի մարզում գտնվող Մ11-Ախպրաձոր շուրջ 14,5 կմ երկարությամբ ճանապարհը‚ որն անցնում է Ծովակ, Լճավան, Մաքենիս և Ախպրաձոր համայնքներով։ Նշված ճանապարհների շինարարական աշխատանքների մրցույթները կհայտարարվեն մարտի կեսերին։
Նույն ծրագրի շրջանակներում ևս 42 կմ ճանապարհների նախագծման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այժմ ուսումնասիրվում են նախնական նախագծերը։