Կարևոր իրադարձություններ

Խնդիր է դրված ապահովել այնքան քվե, որքան ստացել են ԱԺ ընտրությունների ժամանակ. «Փաստ»

07 Մարտ, 2020 09:47
Խնդիր է դրված ապահովել այնքան քվե, որքան ստացել են ԱԺ ընտրությունների ժամանակ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այն, որ առաջիկա սահմանադրական հանրաքվեն իշխանությունների համար ունի գերկարեւոր նշանակություն, որեւէ կասկած չկա. դա ակնառու երեւում է նրանից, թե ինչպես են «նետվել կենաց ու մահու կռվի»: Ինչպես հայտնի է, հանրաքվեում «այո»-ի հաղթանակի համար անհրաժեշտ է 650 հազար ձայն, որն իրականում բավականին լուրջ թիվ է, եթե հաշվի առնենք, որ իշխանությունների վարկանիշն օրեցօր ընկնում է, իսկ հանրաքվեն չունի այն բովանդակությունը, որի համար մարդիկ կգնան ընտրատեղամաս։

 Ու որքան էլ իշխանավորներն ու նրանց սատելիտները առավոտից երեկո խոսում են, թե «Այո»-ն արդեն հաղթել է, սակայն իրենք էլ հստակ տիրապետում են տեղեկատվության եւ գիտեն, որ այդպես չէ: Ըստ երեւույթին, հենց դա է պատճառը, որ, տեղերից ստացվող տեղեկատվության համաձայն, իշխանություններն աշխատում են յուրաքանչյուր ձայնի համար՝ տուն առ տուն, թաղամաս առ թաղամաս, քվե առ քվե։ 

Արդեն հայտնի է, որ մարզերում քարոզարշավն հիմնականում իրականացնելու են մարզպետներն ու ռեյտինգային պատգամավորները, որոնց առաջ խնդիր է դրված ապահովել այնքան քվե, որքան ստացել են ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ, եւ հենց այդ պատճառով է, որ իշխանական ներկայացուցիչները դռնեդուռ ընկած «այո»-ի քվե են հավաքում՝ հորդորելով ազգաբնակչությանն անպայման մասնակցել հանրաքվեին։

Ի դեպ, մեր տեղեկություններով, իշխանությունը լուրջ քայլեր է ձեռնարկում նաեւ հանրաքվեին երկքաղաքացիություն ունեցող անձանց նույնպես հնարավորինս ներգրավելու հարցում՝ հատկապես Ռուսաստանից ու Վրաստանից նրանց մասնակցությունը ապահովելու առումով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին