Կարևոր իրադարձություններ

Կարևոր է, որ ձեր ծրագրերը միայն բարեգործություն չեն, այլ ներդրում՝ ապագայի մեջ. վարչապետն ընդունել է «Թումո»-ի գլխավոր գործադիր տնօրենին

06 Մարտ, 2020 21:14
 Կարևոր է, որ ձեր ծրագրերը միայն բարեգործություն չեն, այլ ներդրում՝ ապագայի մեջ. վարչապետն ընդունել է «Թումո»-ի գլխավոր գործադիր տնօրենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է JHM հիմնադրամի հիմնադիր, բարերար Լիսա Գրիգորյանին և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանին: Այս մասին հայտնում են վարչապետի լրատվական ծառայությունից։

Հյուրերը վարչապետին են ներկայացրել Հայաստանում երեխաների և պատանիների շրջանում տեխնոլոգիական կրթության ոլորտում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները, մասնավորապես, Գյումրիում և հանրապետության մարզերի այլ քաղաքներում: Նրանք նշել են, որ այժմ ՀՀ կառավարության նկատմամբ ներդրողների մոտ առկա է վստահության բարձր մակարդակ՝ արդյունքում էլ կյանքի են կոչվում նման տարբեր ծրագրեր, ի հայտ են գալիս նորանոր նախաձեռնություններ:

Վարչապետ Փաշինյանը հետաքրքիր է համարել ներկայացված գաղափարներն ու նախաձեռնությունները՝ նշելով, որ կառավարությունը կարևորում է JHM-ի և Թումոյի կողմից իրականացվող ծրագրերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Թումոն միջազգային ասպարեզում դարձել է Հայաստանի բրենդը և կառավարությունն իր աջակցությունն է հայտնում առաջիկայում նախատեսվող ծրագրերին: Վարչապետը հավելել է, որ Թումոյի ծրագրերը համապատասխանում են կառավարության ապագայի տեսլականին և համահունչ են կրթության ոլորտում վերջինիս առաջնահերթություններին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դրանք միտված են մասնագիտությունների վերամոդելավորմանը՝ շուկայի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: «Կարևոր է, որ ձեր ծրագրերը միայն բարեգործություն չեն, այլ ներդրում՝ ապագայի մեջ»,- ասել է կառավարության ղեկավարը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին