Կարևոր իրադարձություններ

16-ամյա աղջկա մահվան գործով մեղադրյալ Ռաֆայել Սուքիասյանի կալանավորման ժամկետը երկարաձգվել է. ՔԿ

05 Մարտ, 2020 16:21
16-ամյա աղջկա մահվան գործով մեղադրյալ Ռաֆայել Սուքիասյանի կալանավորման ժամկետը երկարաձգվել է. ՔԿ

16-ամյա աղջկա մահվան գործով մեղադրյալ Ռաֆայել Սուքիասյանի կալանավորման ժամկետը դատարանի՝ փետրվարի 28-ի որոշմամբ երկարաձգվել է եւս երկու ամսով: 

Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն՝ միաժամանակ հերքելով մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե Սուքիասյանին ազատության մեջ տեսնող է եղել:

ՔԿ-ի հաղորդագրությունը՝ ստորեւ.

«2020թ. մարտի 5-ի Hraparak.am կայքում «ՇՈԿ․ 16-ԱՄՅԱ ԱՂՋԿԱՆ ԽԵՂԴՈՂԻՆ ՏԵՍԵԼ ԵՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով՝ Ռաֆայել Սուքիասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, որը նրա նկատմամբ դատարանի կողմից որպես խափանման միջոց դեռևս կիրառվել էր 2020թ. հունվարի 8-ին, 2020թ. փետրվարի 28-ին, դատարանի որոշմամբ, երկարացվել է ևս երկու ամսով: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»:

Հիշեցնենք, որ 16-ամյա աղջիկը սպանվել է հունվարի 5-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ աղջիկը մահացել է խեղդամահ արվելու հետեւանքով։ Ոստիկանությունը հայտնել է, որ սպանության կասկածանքով հաջորդ օրը ձերբակալվել է ՊՆ պայմանագրային ծառայող Ռաֆայել Սուքիասյանը, ում մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է սպանված աղջկա պլանշետը: Նա տվել է խոստովանական ցուցմունք։ Հունվարի 8-ին նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն, որը կատարվել է շահադիտական դրդումներով), եւ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը:
 

Լրահոս

Դիտել ավելին